Ավստրալիայում շոգի հետևանքով հազարավոր չղջիկներ են սատկել (լուսանկար)
Ավստրալիան պատուհասած շոգի հզորագույն ալիքների հետևանքով հազարավոր չղջիկների մոտ գլխուղեղի և կենսական կարևորություն ունեցող այլ օրգանների գերտաքացում է տեղի ունեցել, ինչի հետևանքով դրանք սատկել են: Այս մասին ասվում է LiveScience կայքում:
«Կարելի է ասել, որ այս պայմաններում չղջիկները «եփում են» օդում: +44 աստիճանի պայմաններում նրանց գլխուղեղը բառացիորեն եփում է. նրանք կորցնում են վերահսկողությունը և չեն կարողանում նորմալ կողմնորոշվել տարածությունում», - ասել է էկոլոգ Քեյթ Ռայանը Քեմբելթաուն քաղաքից:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Ավստրալիայի բնակիչները տեսել են այս երևույթի առաջին հետևանքներն անցած հանգստյան օրերին, երբ երկրի մեծ մասում ամառային շոգի հերթական ալիքն է տեղի ունեցել: Մայրցամաքի կենտրոնական և հարավային մասերում օդի ջերմաստիճանը հասել է +40-+44 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի, ինչը հանգեցրել է Կարմիր գրքում գրանցված թռչող աղվես տեսակի չղջիկների լայնածավալ մահվան:
Էկոլոգները ենթադրում են, որ առաջիկա օրերին շոգի ալիքը կնահանջի, սակայն մինչ այդ կսատկեն ավելի մեծ թվով չղջիկներ:
Ռայանի կարծիքով՝ օդի անոմալ բարձր ջերմաստիճանի կրկնվելու հետևանքով Քեմբելթաունի և Ավստրալիայի այլ շրջանների թռչող աղվես տեսակի չղջիկները կարող են հայտնվել ոչնչացման եզրին:
Հիշեցնենք, որ Սահարա անապատի հյուսիսային մասում գտնվող Այն Սեֆրա ալժիրյան քաղաքում էլ ձյուն է տեղացել։











