«Հարցերը նրան տվեք»․ Թաիլանդի վարչապետը լրագրողներին առաջարկել է շփվել իր ստվարաթղթե նմանակի հետ (լուսանկարներ, տեսանյութ)
Թաիլանդի վարչապետ Պրայուտ Չան-օչան լրագրողների բազմաթիվ հարցերից ազատվելու ինքնատիպ ձև է գտել։ Նա ներկայացրել է իր պատկերով իրական չափերի ստվարաթղթե նմանակին ու լրագրողներին առաջարկել է բոլոր հարցերը նրան ուղղել։
Ինչպես նշում է Тhe Guardian-ը, Բանգկոկում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պաշտոնյան սկզբում պատրաստակամություն է հայտնել պատասխանել հարցերին, բայց որոշ ժամանակ անց, երբ օգնականը բերել է ստվարաթղթե նմանակին, Պրայուտն առաջարկել է հարցերը նրան հղել։
«Եթե ցանկանում եք քաղաքականության կամ հակամարտությունների մասին հարցել տալ, ապա դիմեք նրան»,-այս ասելով նա հեռացել է՝ լրագրողներին թողնելով լիակատար անորոշության մեջ։
Պարբերականը նկատում է, որ սա մամուլի ներկայացուցիչների հետ կապված առաջին տհաճ միջադեպը չէ վարչապետի համար։ Ավելի վաղ կայացած մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ նա ոլորել էր ձայնային տեխնիկի ականջը, բանանի կեղևը նետել էր օպերատորի վրա, ինչպես նաև կատակով սպառնացել էր մահապատժի ենթարկել իր կառավարությունը քննադատած ցանկացած լրագրողի։














