Դամասկոսը մեղադրել է Իսրայելին սիրիական ռազմական օբյեկտների ուղղությամբ հրթիռային հարվածի համար
Իսրայելի ռազմաօդային ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել սիրիական ռազմական օբյեկտների ուղղությամբ: Այդ մասին ասված է արաբական հանրապետության բանակի հրամանատարության հայտարարությունում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Իսրայելի թշնամական ավիացիան այս գիշեր 2:40-ին մի քանի հրթիռ է արձակել Լիբանանի տարածքից Դամասկոսի նահանգի Էլ-Քութեյֆա շրջանի ուղղությամբ: Մեր ՀՕՊ-ը որսացել է դրանք և հարվածել է ինքնաթիռներից մեկին»,- նշվում է հաղորդագրությունում:
Տեղի ժամանակով ժամը մոտ 4:15-ին Իսրայելի ռազմաօդային ուժերը ևս չորս հրթիռ են արձակել Տիվերիա շրջանից: Հակաօդային պաշտպանության սիրիական ուժերը դրանք որսացել են, մի հրթիռը ոչնչացրել են, իսկ մնացածն ընկել են ռազմական օբյեկտներից մեկի մոտակայքում:
Սիրիական բանակը հայտարարել է, որ Իսրայելի գործողություններն իրենց նյութական վնաս են հասցրել:










