Հրեա ուսանողների համաշխարհային միությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Հրեա ուսանողների համաշխարհային միությունը (WUJS) Իսրայելում անցկացված Համաշխարհային 44-րդ կոնգրեսի ընթացքում ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, գրում է Armenian Weekly-ն:
Պարբերականը նշում է, որ սա կարևոր քայլ է միության համար և հանդիսանում է ռասիզմի բոլոր դրսևորումների դեմ միության տարած պայքարի ևս մի օրինակ:
Աղբյուրը նաև շեշտում է, որ իսրայելական խորհրդարանը մինչ օրս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, թեև անցյալ տարի խորհրդարանի կրթության, սպորտի և մշակույթի հարցերով հանձնաժողովը քվեարկել է դրա ընդունման օգտին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ իսրայելցի փաստաբան Էիթայ Մաքը և Հայոց ցեղասպանությունը ճանաչած գիտնական Յաիր Աուրոնը երկրի արտաքին գործերի նախարարությունից պահանջել են տվյալներ տրամադրել Հայոց ցեղասպանությունը չճանաչելու հարցում Թուրքիայի և Ադրբեջանի հետ առկա հնարավոր համաձայնությունների վերաբերյալ:
Հարցման տեքստում հիշեցվել է, որ Թուրքիան հաստատակամորեն ժխտում է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը: Իսկ Ադրբեջանը, որը Հայաստանի հետ հակամարտում է Լեռնային Ղարաբաղի հարցով, Հայոց ցեղասպանության ժխտման հարցում դարձել է Թուրքիայի գործընկերն ու առաջամարտիկը:










