Գլենդելի իշխանությունները խտրականության վերաբերյալ հայցի կարգավորման շրջանակում 550.000 դոլար կվճարեն հայուհուն

10:03 • 09.01.18

Գլենդելի իշխանությունները 550.000 դոլար կվճարեն ոստիկանության նախկին լեյտենանտ Լյուդմիլա Աբրահամյանին ազգային և սեռական խտրականության պատճառով պաշտոնի բարձրացում չստանալու մասին հայցի վերաբերյալ կարգավորման ձեռքբերման շրջանակում, հայտնում է Los Angeles Times-ը:


2016 թվականի մայիսին Լյուդմիլա Աբրահամյանը քաղաքի իշխանությունների դեմ հայցով դիմել է դատարան՝ պնդելով, որ Գլենդելի ոստիկանական բաժնում կապիտանի պաշտոնի համար ընտրություն կատարելիս եղել է կողմնապահություն, և այդ կողմնապահությունը տեղի է ունեցել այդ ժամանակվա ղեկավար Ռոբերտ Կաստրոյի կամքով:


Քաղաքային իշխանությունների շահերը ներկայացնող փաստաբանի գլխավոր օգնական Ան Մաուրերը հայտնել է լրատվամիջոցին, որ կարգավորման ձեռքբերումը չի նշանակում, որ տեղի է ունեցել քաղաքի կամ աշխատակիցների կողմից որևէ խախտում:


«Քաղաքի դիրքորոշումը եղել է և կլինի այն, որ խտրականության մասին պնդումներն անհիմն են»,- ասել է նա:


Կարգավորման համաձայնագրի համաձայն՝ 550.000 դոլարը ներառում է 66.000 դոլար՝ կորցրած աշխատավարձերի համար, 264.000 դոլար՝ ենթադրյալ հուզական սթրեսի կամ ֆիզիկական հիվանդության և 220.000 դոլար՝ փաստաբանի ծախսերի համար:


Աբրահամյանը նաև համաձայնել է հեռանալ բաժնից:


Նրա հայցում նշվում է, որ Աբրահամյանը եղել է 2015 թվականի դեկտեմբերին կապիտանի թափուր պաշտոնի համար վեց դիմորդներից ամենաորակավորվածը: Հայցի համաձայն՝ Արբահամյանը հայտնաբերել է, որ թեկնածուներին գնահատելու համար պատասխանատու փորձագետների խումբը հատուկ ընտրվել է Կաստրոյի կողմից, որը նրանց հրահանգել է՝ ինչպես գնահատել թեկնածուներին: Հայուհին պնդել է, որ Կաստրոն «հասկացրել է» փորձագետներին, որ նա չի ցանկանում, որ թոփ երեքում հայտնվի կին կամ փոքրամասնության ներկայացուցիչ: