Հս. Կորեան պատվիրակություն կուղարկի Ձմեռային օլիմպիական խաղերին, Հրվ. Կորեան կթեթևացնի պատժամիջոցները
Հյուսիսային Կորեան Հարավային Կորեայի հետ այսօր տեղի ունեցած բանակցությունների ընթացքում հայտարարել է, որ պատվիրակություն կուղարկի հաջորդ ամիս Հրվ. Կորեայում կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերին, իսկ Սեուլը հայտարարել է, որ պատրաստ է անհրաժեշտության դեպքում ժամանակավորապես չեղարկել որոշ պատժամիջոցներ՝ այցելությունը հեշտացնելու համար, հայտնում է Reuters գործակալությունը:
Հյուսիսային Կորեայի պաշտոնյաներն ավելի քան երկու տարվա ընթացքում առաջին պաշտոնական բանակցությունների ընթացքում հայտարարել են, որ Օլիմպիական խաղերում իրենց պատվիրակությունը բաղկացած կլինի մարզիկներերից, բարձրաստիճան պաշտոնյաներից և խրախուսող խմբից:
Հարավային Կորեան զրկել է Հյուսիսային Կորեայի մի քանի պաշտոնյաների երկիր մտնելու հնարավորությունից՝ Փհենյանի իրականացրած հրթիռային և միջուկային փորձարկումների պատճառով:
Այնուամենայնիվ, Հարավային Կորեայի պաշտոնյաները նշել են, որ Օլիմպիական խաղերը դիտարկում են որպես լարվածությունը նվազեցնելու հնարավորություն:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Հարավային Կորեայի իշխանությունները դիմել են հարևան Հյուսիսային Կորեային՝ առաջարկելով փետրվարին կազմակերպել 1950-1953թթ. Կորեական պատերազմի պատճառով իրարից բաժանված ընտանիքների անդամների հանդիպումը:
Բացի այդ, Սեուլն առաջարկել է մոտ ապագայում բանակցություններ կազմակերպել երկու երկրների ռազմական հրամանատարությունների ներկայացուցիչների միջև՝ Կորեական թերակղզում ստեղծված լարվածությունը թուլացնելու նպատակով:










