Քաղաքացուն ձերբակալելն անօրինական է, քանի դեռ չկան փորձագետների եզրակացությունները. Ն. Բաղդասարյանը՝ BMW X6-ի և ՃՈ մեքենայի վթարի մասին

13:59 • 09.01.18

Հայաստանում ընդունված ձև է՝ վթարի մասնակիցներից մեկը, ով չի զոհվել, կալանավորվում է: Վարորդին, վթարի մասնակցին, անկախ նրանից նա սովորական քաղաքացի է, նախագահի տղա, թե «Ճվճվ Արոյի» որդին, ազատությունից զրկելու իրավունք չունեն, եթե չկան փորձագիտական եզրակացությունները: Արդարադատությունը չպետք է ենթարկվի հասարակության պահանջին:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց մի շարք վթարների գործով փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, անդրադառնալով հունվարի 8-ին Երևանում «BMW X6» և ոստիկանության ծառայողական մեքենայի մասնակցությամբ վթարին, ինչի հետևանքով երկու ոստիկան է զոհվել է, իսկ BMW X6-ի վարորդ քրեական հեղինակություն համարված «Ճվճվ Արոյի» որդին՝ Սարգիս Վարդանյանը ձերբակալվել:

«Հրապարակվել է տեսանյութ, սակայն միայն տեսանյութով հնարավոր չէ որոշել վթարի մեղավորին կամ մեղավորներին: Անհրաժեշտ է կատարել լրացուցիչ հետազոտություններ որոշակի փաստական հանգամանքներ պարզելու համար: Առաջինը լուսացույցի ռեժիմն է: Այսինքն, երբ ՃՈ մեքենան մուտք է գործել  խաչմերուկ ի՞նչ գույնի լուսային ազդանշան է վառվել լուսացուցիչի վրա: Երկրորդը, պարզել 1 վայրկյանում կամ որոշակի ժամանակահատվածում ինչքան տարածություն է անցնում մյուս տրանսպորտային միջոցը, որպեսզի պարզենք, թե ի՞նչ արագությամբ է նա շարժվում:  Այդ փաստական հանգամանքները պարզելուց հետո պետք է հասկանալ, եթե օրինակ ՃՈ ոստիկանը մուտք է գործել կարմիր լույսի տակ, մյուս տրանսպորտային միջոցը վթարը կանխելու հնարավորություն ունեցե՞լ է, թե՞ ոչ»,-ասաց Բաղդասարյանը:

Փաստաբանի խոսքով՝ առանց այդ հանգամանքները պարզելու անգամ որևէ սուպեր անձնավորություն, անգամ Ոստիկանությունը չի կարող այդ հարցերի պատասխանը տալ: Ինչ վերաբերում է Քննչական կոմիտեի որոշմամբ Սարգիս Վարդանյանին ձերբակալելուն, Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ կողմերից ոչ մեկին չի ճանաչում, սակայն նրան ձերբակալելն անօրինական որոշում է:

«Ես զարմանում եմ, որ այդ տղան ձերբակալվել է: Քննչական կոմիտեի որոշումն  անօրինական է: Չի կարող վթարի մասնակից վարորդներից մեկը կալանավորվել առանց դատաբժշկի, փորձագետների եզրակացության: Կապ չունի, թե վթարի մասնակիցը բանվորի, նախագահի և թե «Ճվճվ Արոյի» տղան է: Արդարադատությունը հասարակության պահանջին չպետք է ենթարկվի, արդարադատությունը պետք է գործի  բոլոր դեպքերում, անկախ նրանից, թե հասարակությունն ինչ պահանջ է ներկայացնում»,-ասաց փաստաբանը՝ հավելելով, որ Հայաստանում տպավորութուն է, որ եթե երկու մեքենա բախվում են, մի մեքենայի վարորդը մահանում է, ուրեմն մյուս մեքենայի վարորդն է մեղավոր:  

Հարցին, թե եթե լուսացույցն ազդանշում է կարմիր լույսը, իսկ ՃՈ մեքենայի փարոսիկը միացված է եղել, այդ դեպքում ՃՈ մեքենան անցնելու իրավունք ունի, բայց եթե վթար է լինում, ինչպե՞ս է կարգավորումը, Բաղդասարյանն ասաց.« Օրենքն ասում է, որ եթե պետավտոտեսչության մեքենան փարոսիկները վառած  կարմիր լույսի տակից անցնում է, նա ենթակա չէ վարչական պատասխանատվության, բայց դա չի նշանակում, որ նա միջոցներ չպետք է ձեռնարկի վթարից խուսափելու համար: Եթե իր թույլ տված խախտման հետևանքով է վթարը, ապա միանշանակ նա է մեղավորը, անկախ նրանից փարոսիկը միացրած է, թե միացրած չէ: Այլ բան է, որ  մյուս ավտոմեքենան, երբ տեսնում է փարոսիկներ միացրած մեքենա, ավելի զգոն պետք է լինի, պետք է զիջի պարտադիր»:

Փաստաբանի խոսքով՝ Հայաստանում տարածված միջոց է, անձին զրկում են ազատությունից, հետո պատճառներ են փնտրում ազատազրկումն արդարացնելու համար: