Պավել Մանուկյանի կողմից դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերվելու գործը կարճելու և Արտուշ Գաբրիելյանին դատակոչելու մասին միջնորդությունները հետաձգվեցին

16:21 • 09.01.18

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվող Պավել Մանուկյանի կողմից դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու գործը:

Կողմերն այս պահի դրությամբ նախագահող Սերգեյ Մարաբյանին ինքնաբացարկ հայտնելու հիմքեր չունեին։ Դատախազին ևս բացարկի միջնորդություն չներկայացրին։

Պավել Մանուկյանի շահերը պաշտպանում է փաստաբան Ինեսսա Պետրոսյանը, որպես պաշտպան ներգրավեց նաև փաստաբան Հարություն Բաղդասարյանը։ 

Պավլիկ Մանուկյանի ինքնությունը պարզելուց հետո ամբաստանյալը հարցրեց, թե ու՞ր է տուժողը, այսինքն` դատավոր Արտուշ Գաբրիելյանը։

Դատավորը պարզաբանեց, որ սա հանրային մեղադրանք է։

Դատավորի պարզաբանման վերաբերյալ Պավել Մանուկյանի շահերի պաշտպան Ինեսսա Պետրոսյանն ասաց, որ մեղադրանքը կապված է նախագահող դատավորի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու հետ, նախաքննական մարմինը մեղադրանք է առաջադրել դատարանի վերաբերյալ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար։

«Նախ, նախաքննության փուլում պետք է հարցաքննվեր դատավոր Արտուշ Գաբրիլյանը և ասեր արդյոք վիրավորվե՞լ է, թե՞ոչ, ամբաստանյալն էլ պետք է հարցաքններ դատավորին, եթե իհարկե Արտուշ Գաբրիելյանը Պավել Մանուկյանի դեմ ցուցմունք տար։ Բայց Արտուշ Գաբրիելյանը ցուցմունք չի տվել, չի հարցաքննվել։ Մեղադրանքի հիմքում դրվել է կարգադրիչների ուղղորդված կարծիքները, այսինքն` կարգադրիչներն են ասել, որ դատավորը վիրավորվել է, թե ոչ։ Պաշտպանական կողմը գտնում է, որ նման գործն այս հիմքով ենթակա է կարճման»,-ասաց Պետրոսյանն ու միջնորդեց կարճել գործը։

Մեղադրող դատախազ Պետրոս Մարտիրոսյանն ասաց, որ այս փուլում վաղ է նման միջնորդություն ներկայացնելը։

Դատավորն ասաց, որ այս փուլում նման միջնորդության քննարկումը դեռ վաղ է, այդ միջնորդության քննությանը կանդրադառնան դատաքննության ավարտին՝ ապացույցները հետազոտելուց հետո։

Ինեսսա Պետրոսյանը նաև միջնորդեց դատակոչի ցուցակը լրացնել և դատավոր Արտուշ Գաբրիելյանին դատակոչել. «Քանի որ Գաբրիելյանը չի հարցաքննվել նախաքննության փուլում, հետևաբար դատակոչի ցուցակում չկա։ Ուստի միջնորդում եմ դատակոչի ցուցակը լրացնել և դատակոչել։ Օրինակ՝ ես ուզում եմ պարզել Արտուշ Գաբրիելյանը վիրավորվե՞լ է,թե՞ ոչ»։

Պավել Մանուկյանն ասաց, որ միանում է միջնորդությանը. «Ուզում եմ տեսնել Արտուշ Գաբրիելյանին, համ էլ կարոտել եմ։ Ասել եմ՝ ինքը լավ մարդ է, իր հետ քեֆի էլ կգնամ, բայց որպես դատավոր չի կարող»։

Դատախազն առարկեց միջնորդությանը, իսկ դատարանը միջնորդության քննությունը կրկին հետաձգեց՝ ասելով, որ անհրաժեշտության դեպքում միջնորդության քննությանը կանդրադառնա դատաքննության փուլում։

Նշենք, որ Պավել Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դատական նիստի ժամանակ անհարգալից վերաբերմունք է ցույց տվել դատարանի նկատմամբ, որը դրսևորվել է պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելով:

Նա մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 343-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու մեջ:

Նշենք, որ նախորդ տարվա հուլիսին Պավլիկ Մանուկյանը դատական նիստին նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանին անվանել էր «ցռան մոզի», երբ ՊՊԾ գնդի գործով նիստի ժամանակ հերթական անգամ ենթարկվել էր դատական սանկցիայի։