Թրամփը չի ենթարկվի հոգեբույժի զննմանը. Սպիտակ տուն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամենամյա ավանդական բուժզննման ժամանակ հոգեբույժի զննմանը չի ենթարկվի, այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Հոգան Գիդլին, գրում է РИА Новости գործակալությունը:
Նման հարց խոսնակին հղել են լրագրողները՝ հենվելով վերջին շրջանում Թրամփի հոգեկան առողջության մասին ինտենսիվացած քննարկումների վրա:
ԱՄՆ նախագահի քաղաքական հակառակորդները պարբերաբար հայտարարում են, որ Թրամփի հոգեկան վիճակը կայուն չէ և որ նա չի կարող կատարել ԱՄՆ նախագահի պարտականությունները:
Որոշ քաղաքական գործիչներ ցիտում են հոգեբույժների կարծիքներն այդ մասին, թեև Հոգեբույժների ամերիկյան ասոցիացիան արգելում է մասնագետներին հրապարակել գործիչների մասին պրոֆեսիոնալ եզրակացությունները, եթե իրենք անձամբ չեն հանդիպել այդ մարդու հետ:
Թրամփի հոգեկան առողջության մասին քննարկումները թեժացան այն ժամանակ, երբ, պատասխանելով Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընի՝ միջուկային «կոճակի» մասին հայտարարությանը, նա ասել էր. «Նրա սովալլուկ ու տանջահար ռեժիմի ներկայացուցիչներից որևէ մեկը նրան կտեղեկացնի՞, որ ես ևս ունեմ այդ միջուկային կոճակից, որը, ի դեպ, շատ ավելի մեծ է ու հզոր: Բացի այդ, իմ կոճակն աշխատում է»:
Ի պատասխան իր անկայուն հոգեկանի մասին պնդումներին Թրամփն ասել է, որ ինքն իրականում «կայուն հանճար» է:










