Ընդդեմ թանկացումների «Ելք»-ի երթին մասնակցելու հարց  կա՛մ չեն քննարկել, կա՛մ  չեն մասնակցի. արտախորհրդարանական ուժերի կարծիքները

20:29 • 10.01.18

Չենք քննարկել այդ հարցը, Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը ՝պատասխանելով հարցին` կմիանա՞ն արդյոք հունվարի 19-ին նախանշված «Ելք» դաշինքի երթին` ընդդեմ թանկացումների:

«Չենք քննարկել այդ հարցը: Կարծում եմ` բոլորն էլ թանկացումների դեմ բողոքում են, բոլորն էլ դժգոհ են թանկացումներից և ցանկացած  քաղաքացի կարող է մասնակցել: Առաջարկ ստանալու խնդիր չկա, մենք` որպես քաղաքական ուժ, կքննարկենք և մեր ուժի ներկայացուցիչները նաև ազատ են ցանկացած երթի մասնակցելու և իրենց դիրքորոշումը ներկայացնելու, մենք այդպիսի խոչընդոտներ, խնդիրներ չունենք»,-ասաց նա:

Tert.am-ի հարցին`ի՞նչ են կարծում, երթը հանրահավաքային պայքարի կվերածվի՞, թե՞ կսահմանափակվի մեկ օրով, և արդյոք կապ ունի, թե ով է ուղղորդելու հանրային բողոքը,  Անժելա Խաչատրյանը պատասխանեց. «Մեզանում արդեն իսկ այդ բոլոր տեսակի շարժումներն այնքան են, ցավոք, վարկաբեկվել, որ մարդիկ անգամ չեն հավատում երթերին, հավաքներին, և մտածում են` ով է ուղղորդելու, ով է ֆինանսավորելու։ Այսինքն` այդ խնդիրը՝ հանրահավաքային մշակույթը քաղաքականության մեջ վարկաբեկվել է, ցավոք, բայց ընդհանուր առմամբ, եթե կա բողոք, բողոքը արտահայտվում է  տարբեր ձևերով: Չգիտեմ, ես չեմ կարող գուշակություններ անել՝ ինչպես կստացվի: Լավ կլինի, որ ևս մեկ անգամ քաղաքացիների վստահությունը կամ բողոքի ձայնը չօգտագործվի ի շահ այլ բաների ու այլ դիվիդենտների»:

Արտախորհրդարանական ուժերից ՝«ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ, ի պատասխան «Ելք»-ի երթին մասնակցելու վերաբերյալ Tert.am-ի հարցին, նշեց. «Ոչ, ես ուրիշի քաղաքական օրակարգին մասնակցեմ, որ ինչ անեմ, հո՞ անկոչ հյուր չենք»:

Բացի դրանից` Արմեն Մարտիրոսյանն այս համատեքստում նշեց, որ իրենք մեկ անգամ չէ, որ ասել են՝ միայնակ ոչինչ հնարավոր չէ անել, ուստի, նրա կարծիքով, նման նախաձեռնությունից առաջ անհրաժեշտ էր տարբեր քաղաքական ուժերով քննարկումներ անցկացնել, ձևաչափեր ճշգրտել:

«Հայկական վերածնունդ» կուսակցության մամուլի քարտուղար Էդգար Առաքելյանը Tert.am-ի հետ զրույցում  նշեց, որ կուսակցությունում այդ հարցով քննարկում չի եղել, առհասարակ տեղյակ չէ՝ ինչ տրամադրություններ կան այս առումով, քանի որ արձակուրդում էր, սակայն հարցին՝ արդյոք ՀՎԿ-ին չի՞ մտահոգում հանրապետությունում մարդկանց սոցիալական վիճակը և վերջին թանկացումները՝ նա պատասխանեց. «Այո, իհարկե, ու մենք միշտ էլ խոսել ենք այդ մասին»:

«Երթին չենք միանալու»,– Tert.am-ին հայտնեց ՀՀՇ գործադիր քարտուղար Կարեն Կարապետյանը:

«Բայց տպավորություն չստեղծվի, թե որևէ դիրքորոշում չունենք թանկացումների վերաբերյալ կամ, ասենք, չենք փորձում որևէ ձև նպաստել գնաճի կանխմանը, բայց կոնկրետ երթին միանալու նպատակահարմարությունը չենք տեսնում»,-ասաց նա:

Tert.am փորձեց ճշտել նաև ՀԱԿ-ի դիրքորոշումն այս հարցում, սակայն կուսակցությունից որևէ մեկը չպատասխանեց:

Իսկ «Երկիր ծիրանի» կուսակցության գրասենյակից հայտնեցին, որ այս պահին արձակուրդում են: