ՄԱԿ-ում հայտնել են Դամասկոսի մոտակայքում տարեսկզբից ի վեր 85 քաղաքացիական անձի զոհվելու մասին

17:28 • 10.01.18

Դամասկոսի արվարձանում՝ Արևելյան Ղուտայում, դեկտեմբերի 31-ից ի վեր զոհվել է 85 քաղաքացիական անձ, 183 մարդ ստացել է վնասվածքներ, հայտնում է ТАСС-ը: Այդ տվյալները ներկայացվել են չորեքշաբթի Ժնևում տարածված ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնի հայտարարությունում:


Նշվում է, որ զոհերից 21-ը կին են, 30-ը՝ երեխա:


ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատարը դատապարտել է քաղաքացիական բնակչության շրջանում սպանվածների և վիրավորների թվի կտրուկ աճը՝ ուշադրություն հրավիրելով կառավարական ուժերի և նրանց դաշնակիցների օդային հարվածների և ցամաքային հարձակումների սրման վրա:


Նա ընդգծել է, որ բոլոր կողմերը պետք է միջազգային իրավունքի համաձայն տարանջատեն օրինական ռազմական թիրախները և քաղաքացիական օբյեկտները: