Հնդկաստանում անոմալ ցրտի հետևանքով ավելի քան 40 մարդ է մահացել

16:12 • 10.01.18

Երեկվանից Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգում, որտեղ մոտ 200 միլիոն մարդ է բնակվում, անոմալ ցրտի հետևանքով մահացել է ավելի քան 40 մարդ: Ընդհանուր առմամբ, այստեղ հունվարի 5-ից մահացել է 143 մարդ, այդ թվում՝ երեխաներ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով IANS գործակալությանը:

Նշվում է, որ վերջին շաբաթում այս նահանգում արձանագրվել են ռեկորդային ցրտեր. առանձին շրջաններում օդի նվազագույն ջերմաստիճանը տատանվել է 2.9-7.5 աստիճանի սահմաններում: Ընդ որում՝ երկրում բացակայում է կենտրոնական ջեռուցումը:

Օդային հոսանքների բախման և բարձր խոնավության հետևանքով խիտ մառախուղ է գոյացել, որը խախտել է նահանգում երկաթուղային հաղորդակցությունը: Այս պատճառով իշխանությունները որոշել են չեղարկել կամ հետաձգել մի քանի տասնյակ գնացքների մեկնումը:

Նահանգի բոլոր տարրական և միջնակարգ դպրոցներում դեռ դասեր չեն անցկացվում: Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ ընթացիկ եղանակային պայմաններն Ուտար Պրադեշում կպահպանվեն ևս երկու օր: