Կրասնոյարսկում կրկեսից փախած կատվառյուծը հարձակվել է աղջկա վրա և պատռել նրա բաճկոնը

23:58 • 10.01.18

Կրասնոյարսկում կատվառյուծը փախել է կրկեսից և հարձակվել քաղաքի բնակչուհու վրա: Այս մասին հայտնում է տեղական 7 канал հեռուստաալիքը:

Գիշատիչին հանդիպած ականատեսները  նրա լուսանկարը հրապարակել են ВКонтакте սոցցանցում:

Ականատեսի խոսքով՝ այսօր ցերեկը կենդանին հայտնաբերվել է կրկեսի դրամարկղների մոտ:

«Մայրս ու խորթ հայրս նկատել են նրան: Մոտակայքում աղջիկ էր կանգնած, նա տոմսեր էր գնում, և այդ կատվառյուծը հետևից հարձակվել է նրա վրա», - պատմել է ականատեսը:

Նա նաև նշել է, որ կենդանին փոքր է եղել։

Աղբյուրի հաղորդմամբ՝ կենդանուն հետ են քշել ավտոմեքենայի ազդանշանի միջոցով, իսկ տուժած աղջկան նստեցրել են ավտոմեքենան: Կենդանին պատռել է տուժածի բաճկոնը:

Հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ կրկեսը ներողություն է խնդրել տուժածից, իսկ վնասի փոխհատուցման հարցը լուծվել է խաղաղ ճանապարհով: