«Քրդական «փեշմերգա»-ն պետք է վերադառնա մինչ 2003 թվականն ունեցած դիրքերին». Իրաքի վարչապետ

16:02 • 10.01.18

Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարել է, որ Բաղդադը պահանջում է, որ քրդական «փեշմերգա»-ն վերադառնա մինչ 2003 թվականն ունեցած դիրքերին, այս մասին գրում է «ՀաբերԹյուրք» կայքը:

Բացի այդ, նա պահանջել է, որ Իրաքյան Քրդստանում պետական աշխատողների աշխատավարձերի վճարումը, սահմանների, մաքսակետերի և օդանավակայանների վերահսկողությունը հանձնվի կենտրոնական իշխանությանը։

Ըստ Աբադիի՝ քրդական կողմը դեռ պատրաստ չէ կատարել նրանց այս պահանջները, ինչի հետևանքով հարաբերությունների կարգավորման գործընթացը ձգձգվում է:

Օրեր առաջ հայտնի է դարձել, որ Բաղդադը պատրաստակամություն է հայտնել բանակցել Իրաքյան Քրդստանի իշխանությունների հետ նավթի արտահանումների նոր պայմանավորվածությունների շուրջ:

Հիշեցնենք, որ 2017 թվականի հոկտեմբերի 16-ին Իրաքի ուժերը սկսել էին երկրի հյուսիսում գտնվող թուրքմեններով, արաբներով և քրդերով բնակեցված Քիրքուք շրջանի վրա գրոհը, որն Իրաքյան Քրդստանի ու Իրաքի միջև վիճելի տարածքներից մեկն է համարվում: Կարճ ժամանակ անց իրաքյան բանակին հաջողվել է վերահսկողություն սահմանել Քիրքուքի օդանավակայանի և կարևոր նավթահանքերի օբյեկտների նկատմամբ, իսկ քրդական «փեշմերգան» զանգվածայնորեն նահանջել է զբաղեցրած դիրքերից: