ՀՀ–ում որևէ քաղաքացի` անկախ իր փողի քանակից, հայրիկի կամ հորեղբոր պաշտոնից, օրենքից վեր լինել չի կարող. Շարմազանովը` «Ճվճվ Արոյի» որդիներին առնչվող դեպքերի մասին

22:16 • 11.01.18

Թե՛ հանրապետության նախագահը, և թե Հայաստանի Հանրապետական կուսակցությունը  մեկ անգամ չէ, որ խոսել են արդարադատության համակարգում տիրող խնդիրների մասին: Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում` անդրադառնալով «Ճվճվ Արոյի» որդիների՝ Սերժ և Սարգիս Վարդանյանների հետ կապված վերջին օրերի իրավապահ մարմինների գործողությունների ոչ պատշաճ կատարման և ընդհանրապես արդարադատության համակարգի խնդիրների մասին լրագրողի դիտարկմանը այս մասին ասաց ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Լրագրողի հարցին` Նախագահը տեղյա՞կ է գործընթացին և ի՞նչ դիրքորոշում ունի,  Շարմազանովը պատասխանեց.

«Մեր նպատակը շատ լակոնիկ ներկայացնեմ: ՀՀ-ում որևէ քաղաքացի` անկախ իր ծագումից, պաշտոնից, փողի քանակից, հայրիկի կամ քեռու, հորեղբոր պաշտոնից, օրենքից վեր չի կարող լինել։ Բոլորը պետք լինեն օրենքին հավասար։ Երկրորդ` կա՞ աշխարհում մի ոլորտ, որտեղ ամեն ինչ իդեալական է։ Իմ կարծիքով` ոչ: Թերություններ կան այն կառույցներում, որտեղ կա աշխատանք, կարող եմ բազմաթիվ առավելություններ բերել, որ կան ուժային կառույցների աշխատանքում»:

Շարմազանովը նկատեց, որ ժամեր առաջ Միացյալ Նահանգների Պետդեպը հրապարակել է այցելության համար վտանգավոր և անվտանգ երկրների սանդղակը. ՀՀ–ն ընդգրկվել է անվտանգ երկրների ցանկում։

«Ի ուրախություն մեզ`ՀՀ–ն ամենաապահով ու անվտանգ երկրների մեջ է, սա օդից չի եկել և մեր Նախագահի և ուժային կառույցների, արդարադատության համակարգի և իշխող քաղաքական ուժի ամենօրյա աշխատանքի արդյունքն է։ Եթե կուզեք` թե՛ ՀՀ ոստիկանապետի, թե՛ ԱԱԾ պետի և նրանց գործընկերների օրնիբուն աշխատանքի արդյունքն է : Ի դեպ` ըստ Պետդեպի այդ զեկույցի` Ադրբեջանը գտնվում է երկրորդ վտանգավոր գոտում, իսկ Թուրքիան շատ ավելի վտանգավոր»,-ասաց Շարմազանովը:

Երկու ոստիկանի մահվան ելքով վրաերթի մասնակից Սարգիս Վարդանյանին ստորագրությամբ ազատ արձակելու վերաբերյալ իրավապահ մարմինների որոշումը Շարմազանովը չմեկնաբանեց՝ նշելով, որ դա խիստ պրոֆեսիոնալ ոլորտ է, որի շուրջ մասնագիտական գնահատականներ հնչեցնելուց զերծ կմնա: