Եթե Իրանն ու Ռուսաստանը չաջակցեն Ասադի ռեժիմին՝ Իդլիբում մեր դեմ հարձակումներ չեն կարող լինել. Թուրքիայի արտգործնախարար

10:00 • 11.01.18

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ եթե Ռուսաստանն ու Իրանը չազդեն Ասադի ռեժիմի վրա Իդլիբում՝ սիրիական հիմնախնդրի շուրջ Սոչիում սպասվելիք բանակցությունները կարող են վտանգի տակ հայտնվել: Այս մասին գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Չավուշօղլուն նաև շեշտել է, որ Իդլիբում իրավիճակը սրող իրադարձությունները տեղի են ունենում Իրանի և Ռուսաստանի անմիջական համաձայնությամբ և միայն նրանց միջամտության դեպքում հարձակումները կարող են դադարել:

«Ռեժիմի հարձակումների հարցում Ռուսաստանն ու Իրանը չեն կարող որևէ պատճառաբանություն բերել: Եթե նրանք չաջակցեն Ասադին՝ հարձակումներ չեն կարող լինել», - ասել է Չավուշօղլուն:

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ նման իրավիճակը կարող է տապալել Սոչիի բանակցությունները նաև այն պատճառով, որ կդժվարացնի մի շարք ընդդիմադիր խմբավորումների մասնակցությունը բանակցություններին, որոնք առանց այդ էլ երկմտանքի մեջ էին Սոչի մեկնելու հետ կապված:

Հիշեցնենք, որ նախօրեին Անկարայում Ռուսաստանի և Իրանի դեսպանները կանչվել են Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն՝ կապված Սիրիայի հյուսիսում ստեղծված լարված իրավիճակի հետ: Դեսպաններ Ալեքսեյ Երխովի և Մուհամեդ Իբրահիմ Թահերիան Ֆարդի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը մեղադրել է Սիրիայի կառավարական ուժերին Իդլիբում անվտանգության ռեժիմը խախտելու համար:

Աստանայում Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում Սիրիայում ստեղծված անվտանգության գոտիներն այսօրվա դրությամբ «դե ֆակտո» հրադադարի ռեժիմ են պահպանում 5000 ք/կմ տարածության վրա:

Նախօրեին Սիրիայի Իդլիբ նահանգի Դարաթ ալ Իզզա շրջանում ականանետային հարձակման է ենթարկվել Թուրքիայի ԶՈՒ-ին պատկանող ռազմական ավտոշարասյունը։