Բեռը ջարդվելու է հատկապես ՏՏ ոլորտում գրանցված աշխատողների վրա. Գևորգ Գորգիսյանը՝ եկամտահարկի փոփոխության մասին (տեսանյութ)
Հերթական անգամ ամբողջ բեռը ջարդվելու է տեղեկատվական տեխնոլոգիաների, կարելի է ասել, միակ մաքուր աշխատող ոլորտի ուսերին, որովհետև մնացած բոլորն ինչ-որ ձևով փորձելու են սողանցքներ գտնել: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտեց ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով եկամտահարկի դրույքաչափերի փոփոխությանը: Պատգամավորը կարծում է, որ այս փոփոխությունները կարող են ուղեղների արտահոսքի պատճառ դառնալ, քանի որ մարդիկ կնախընտրեն ապրել արտերկրում, որտեղ ավելի բարձր աշխատավարձ կստանան: Գորգիսյանի խոսքով՝ Հարկային նոր օրենսգիրքը ՀՀ-ում ավելացնելու է ստվերային շրջանառությունը:
- Պարո՛ն Գորգիսյան, հունվարի 1-ից ուժի մեջ է մտել Հարկային օրենսգիրքը, որով փոփոխություն է կատարվում նաև եկամտահարկի դրույքաչափում։ Մասնավորապես, ամրագրվել է, որ 150 հազարից մինչև 2 մլն ստացող անձինք 28 տոկոս կհարկվեն: Սա ի՞նչ հետևանքներ կունենա:
- Իրականում, շատ վատ հետևանքներ կունենա, որովհետև հաշվի առնելով այն պայմանները, որ մենք ունենք Հայաստանի Հանրապետությունում, երբ մարդիկ այլ աշխատավարձ են ստանում, բայց այլ բան է ներկայացվում, խնդիրներ են առաջանալու: Հիմա բոլոր աշխատավարձերը մոտավորապես 150 հազար են գրանցվելու, նույնիսկ մանիպուլյացիա է արվում, եթե չեմ սխալվում, թե մինչև 250 հազար ստացողների համար եկամտային հարկը կնվազի, սակայն սուտ է, որովհետև 2018 թվականից նաև գործում է պարտադիր Կուտակային կենսաթոշակային համակարգը, ինչի արդյունքում նվազել են եկամուտները: Հետևաբար, բոլոր խավերի` նույնիսկ մինչև 150 հազար ստացողների համար, լավ բան չի սպասվում, սպասվում է միայն աշխատավարձերի նվազում և ապրանքների գների բարձրացում, ինչին ամեն օր ականատես ենք լինում:
- Այսինքն՝ կարո՞ղ ենք արձանագրել, որ սա կավելացնի ստվերը։ Կարծում եք` նույնիսկ խոշոր ընկերություննե՞րը մի քանի մասի կբաժանվեն, որ խոշոր շրջանառություն ցույց չտան:
- Այո՛, կարող է, բայց այս պահին ես խոսում եմ անհատների մասին, այսինքն՝ քաղաքացին, երբ աշխատավարձ է ստանում, նրա համար եկամտային հարկ է վճարվում: Այս անգամ էլ բեռը ջարդվելու է մաքուր աշխատողների վրա։ Հիմնականում կարող են առանձնացնել IT ոլորտը, որտեղ աշխատում են օտարերկրյա գործընկերների հետ և որտեղ պետք է ֆինանսական հոսքերում թափանցիկություն ապահովել: Հերթական անգամ ամբողջ բեռը ջարդվելու է տեղեկատվական տեխնոլոգիաների, կարելի է ասել, միակ մաքուր աշխատող ոլորտի ուսերին, որովհետև մնացած բոլորն ինչ-որ ձև փորձելու են սողանցքներ գտնել: Մեր երկրում ամեն ինչ արվում է այնպես, որ մարդիկ փորձեն օրենքը շրջանցել, որևէ բան չի արվում, որ օրենքից ելնելով, մարդիկ ինչ-որ բան շահեն: Մեր նման երկրում նույնիսկ պրոգրեսիվ հարկման մեխանիզմն ընդունելի չէ, ավելին՝ կարելի էր կիրառել ռեգրեսիվ հարկման մեխանիզմը, այսինքն՝ ավելի շատ ստացողն ավելի քիչ հարկվի՝ հաշվի առնելով ստվերը, որպեսզի մարդիկ ստվերից դուրս գային ու իրենց իրական աշխատավարձով գրանցեին եկամուտները:
- ՏՏ ոլորտը ՀՀ տնտեսության գերակա ճյուղերից է համարվում, բաց ի՞նչ եք կարծում, եկամտահարկի այս փոփոխությունը կարո՞ղ է ուղեղների արտահոսքի պատճառ դառնալ:
- Ուղեղների արտահոսք կա ամեն օր, սակայն դրա դեմ պայքարելու փոխարեն Կառավարությունը խթանում է այն: Ոլորտի մասին անընդհատ խոսում են, թե գերակա է, բայց որևէ քայլ ոլորտը զարգացնելու համար պետական մակարդակով տարիներ շարունակ չի արվել: Ես՝ որպես ոլորտի մասնագետ, արդեն նաև ԱԺ պատգամավոր, կարող եմ փաստել՝ որևէ բան չի արվել այս ոլորտը զարգացնելու համար: Հակառակն է արվում, քանի որ այս ոլորտը միակ մաքուր աշխատող ոլորտն է, բոլոր նմանատիպ օրենքներն իրենց վրա են ազդում: Կենսաթոշակային օրենքի դեմ ինչո՞ւ իրենք որոշեցին պայքարել, որովհետև անմիջապես նրանց վրա ազդեց, հիմա հարկային բեռի ավելացումն էլ ազդելու է այս ոլորտի ներկայացուցիչների վրա: Դուք նշեցիք 28 տոկոս հարկման մասին, բայց հավելեմ, որ 2 մլն աշխատավարձից ավել ստանալու դեպքում արդեն դառնալու է 36 տոկոս, իսկ IT ոլորտում կան 2 մլն-ից ավել ստացողներ, որոնք քիչ տոկոս չեն կազմում և ամենալավ մասնագետներն են: 36 տոկոսին գումարվում է 10-ից ավել տոկոս կուտակային, և մարդիկ ստիպված են լինելու մոտ 50 տոկոս հարկ վճարել: Այո՛, այդ մարդիկ հիմա կսկսեն մտածել երկիրը լքելու մասին, իսկ նրանք այն մարդիկ են, որոնք 2 մլն-ից ավել եկամուտ էին բերում Հայաստանին, չէ՞ որ այդ գումարը ՀՀ-ում ծախսվում է, այդ մարդիկ հիփոթեկ են վերցնում և այլն: Մարդիկ միշտ աշխատում են, իրենց որակավորումը բարձրացնում, որպեսզի լավ աշխատավարձ ունենան և կարողանան նորմալ ապրել, բայց, հոպ, պետությունը հայտնվում է և ասում՝ գիտեք, որ դուք արդեն շատ լավ ապրեցիք, մեզ բաժին տվեք: Այս կերպ չի կարելի, քանի որ պետք է զարգացնել միջին խավը, բայց մեր պետությունն ամեն ինչ անում է, որ միջին խավ չլինի: Այս իրավիճակը բնական է՝ հաշվի առնելով վերջին ընտրությունները։ Տեսնում ենք, որ մեծամասնությունը հիմնված է աղքատների վրա: Նրանց պետք են աղքատներ, ում հնարավոր կլինի գնել 10 հազար դրամով:
- Մոտավոր տվյալներ կա՞ն, թե ՏՏ ոլորտում որքան մարդ է աշխատում և ի՞նչ չափի գումար է բյուջե բերում:
- Այդ թվերին չեմ տիրապետում, բայց հստակ կարող եմ ասել, որ ՏՏ ոլորտի ներկայացուցիչներն ամենապարտաճանաչ հարկատուներն են: Նրանք աշխատում են միջազգային շուկայում և ֆինանսական հոսքերը պետք է մաքսիմալ թափանցիկ և ճշգրիտ լինեն:
- Տարիներ առաջ ՏՏ ոլորտի մասնագետները հաղթանակ տոնեցին՝ «Դեմ եմ» շարժումը կարողացավ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը կամավոր դարձնել: Հնարավո՞ր է՝ հիմա էլ այս ոլորտի մասնագետներն ըմբոստանան և նոր շարժում ծնվի:
- «Ելք»–ն արդեն իսկ սկսել է շարժում, քանի որ մենք ամսի 19-ին ունենք երթ թանկացումների և հարկային բեռի ավելացման դեմ: Մենք Կառավարությունից պահանջում ենք, որպեսզի չեղարկեն որոշ դրույթներ նոր Հարկային օրենսգրքից, մասնավորապես, ակցիզային հարկերը, որից ավելացավ բենզինի, գազի և դիզվառելիքի գինը: Սա շղթայական թանկացում է բերելու, որովհետև ինքնարժեքի մեջ մտած է այս ամենը, սա բերելու է տրանսպորտի գնի բարձրացման:










