Ռուսաստանում 12-ամյա աշակերտուհին ալկոհոլային կոմայի մեջ է ընկել համադասարանցիների հետ խնջույքից հետո
Ռուսաստանի Ալթայ երկրամասի Բարնաուլ քաղաքում 12-ամյա աղջիկը հոսպիտալացվել է ալկոհոլային թունավորմամբ. նրա արյան մեջ 6.7 պրոմիլ ալկոհոլ է հայտնաբերվել, մինչդեռ հասուն մարդու համար 5 պրոմիլը հաճախ մահացու չափաբաժին է լինում:
Ինչպես հաղորդում է Life.ru-ն, ՌԴ շրջանային քննչական կոմիտեն հետաքննություն է սկսել: Աղջիկը 11 ժամ կոմայի մեջ է գտնվել: Հայտնի է, որ նրան հոսպիտալացրել են անմիջապես դեռահասների խնջույքից, որի ժամանակ աշակերտները մնացել էին առանց մեծերի հսկողության:
Խնջույքին ներկա են գտնվել ոչ միայն համադասարանցիները, այլև 17-ամյա եղբոր ընկերները: Ծնողները ապշել են՝ իմանալով, թե ինչ վիճակում է հոսպիտալացվել իրենց դուստրը: Ոսումնասիրելով դստեր էջը սոցցանցում՝ նրանք հայտնաբերել են, որ ալկոհոլ օգտագործելուն նրան դրդել են ընկերուհիները: Հենց առցանց հաղորդագրությամբ էլ նրանք որոշել են, թե որտեղից կարելի է ոգելից խմիչք ձեռք բերել:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել մինչև Նոր տարին: Ներկա պահին աղջկա առողջությանը ոչինչ չի սպառնում:










