Հռոմի պապն ընդունել է Իրաքյան Քրդստանի վարչապետին

15:54 • 12.01.18

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում ընդունել է Իրաքյան Քրդստանի վարչապետ Նեչիրվան Բարզանիին, այս մասին տեղեկացնում է քրդական nerinaazad.info կայքը:

Աղբյուրը նշում է, որ Քրդստանից ժամանած պատվիրակության կազմում են եղել Իրաքյան Քրդստանի կառավարության պաշտոնական խոսնակը և կառավարական խորհրդի ղեկավարը:

Հանդիպման ժամանակ քննարկվել է Քրդստանում տիրող իրավիճակը, ինչպես նաև այնտեղ գտնվող պատերազմի հետևանքով փախստականների, զինված բախումներից տուժածների կարիքներին ու կյանքի պայմաններին առնչվող հարցեր:

Վատիկանի և Քրդստանի միջև հարաբերություններ են հաստատվել 2014 թվականից, երբ Իրաքյան Քրդստանի նախկին նախագահ Մասուդ Բարզանին այցելել էր Հռոմի պապին:

Հիշեցնենք, որ 2017 թվականի սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում տեղի ունեցած անկախության հարցով հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 93.29 տոկոսն «այո» է ասել անկախացմանը: Հանրաքվեին մասնակցել է ընտրողների 72,16 տոկոսը:

Իրաքի դաշնային դատարանը, սակայն, որոշում էր ընդունել, որով հայտարարվել էր, որ իրաքյան ոչ մի շրջան չի կարող անջատվել երկրից: