Հաիթիի իշխանությունները կանչել են ԱՄՆ ներկայացուցչին՝ «կեղտոտ խորշերի» վերաբերյալ Թրամփի խոսքերը պարզաբանելու համար
NBC News հեռուստաալիքի թղթակից Յամիշե Ալկինդորը Twitter-ի իր էջում հայտնել է, որ Հաիթիի իշխանությունները կանչել են ԱՄՆ ներկայացուցչին՝ «կեղտոտ խորշերի» մասին երկրի նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերից հետո:
«ԱՄՆ-ում Հաիթիի դեսպան Փոլ Ալտիդորն ինձ ասել է, որ Հաիթիի կառավարությունը պաշտոնապես կանչել է ԱՄՆ ներկայացուցչին՝ Թրամփի հայտարարությունները պարզաբանելու համար»,- գրել է Ալկինդորը:
Դեսպանի խոսքով՝ Հաիթին վճռականորեն դատապարտել է Թրամփի խոսքերը՝ դրանք «կարծրատիպերի վրա հիմնված» համարելով:
Հիշեցնենք, որ Թրամփը Սպիտակ տանն օրենսդիրների հետ միգրացիոն քաղաքականության հարցով հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ին հարկավոր չեն աշխարհի կեղտոտ խորշերից եկող ներգաղթյալները:
Հանդիպման ժամանակ սենատորները բացատրել են նախագահին, որ պետք է փոխզիջման գնալ ու շարունակել ընդունել Աֆրիկայից, Հաիթիից ու Սալվադորից ժամանող ներգաղթյալներին:
Սակայն նախագահը նրանց ընդհատել է՝ հետաքրքրվելով, թե «Միացյալ Նահանգների ինչի՞ն են պետք աշխարհի կեղտոտ խորշերից եկող բոլոր այդ մարդիկ»:
«Մենք պետք է ավելի շատ մարդ ընդունենք Նորվեգիայից»,- շարունակել է 71-ամյա ղեկավարը:










