Մինսկը չի ցանկանում «հեռանալ» Ռուսաստանից՝ մոտենալով Եվրամիությանը. Բելառուսի ԱԳՆ

15:06 • 12.01.18

Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը «Սինհուա» գործակալության հետ զրույցում հայտարարել է, որ Մինսկը չի ցանկանում «հեռանալ» Ռուսաստանից՝ մոտենալով Եվրամիությանը: Հարցազրույցի տեքստը տեղադրված է Բելառուսի ԱԳՆ-ի կայքում:


«Մենք ցանկանում ենք բոլորի հետ բարեկամություն անել: Մենք ցանկանում ենք նորմալ հարաբերություններ ունենալ բոլորի հետ: Միևնույն ժամանակ, մենք չենք ցանկանում, ինչպես որոշները մեկնաբանում են, հեռանալ Ռուսաստանից՝ մոտենալով Եվրոպական միությանը կամ հակառակը: Մենք ցանկանում ենք ունենալ ոչ թե հավասարապես հեռավոր հարաբերություններ, այլ հավասարապես մոտ հարաբերություններ աշխարհի բոլոր ուղղությունների, բոլոր ճամբարների հետ: Ե'վ Ռուսաստանը, և' Եվրոպական միությունը մեզ համար շատ կարևոր գործընկերներ են և կարևոր աշխարհաքաղաքական դերակատարներ»,- ասել է Մակեյը:


Նա նշել է, որ երկիրը, լինելով Արևելքի և Արևմուտքի միջև, իր վրա զգում է տարածաշրջանում առկա առճակատման բոլոր հետևանքները: Մակեյը հավելել է, որ հարկավոր է, որպեսզի Ռուսաստանն ու ԵՄ-ն հրաժարվեն գոյություն ունեցող առճակատման հռետորաբանությունից: