Փարիզում գողերը թալանել են ոսկերչական խանութը և փողոցում նետել գողացված զարդերը
Փարիզում զինված գողերը թալանել են քաղաքի կենտրոնում գտնվող Ritz 5-աստղանի հյուրանոցում տեղակայված ոսկերչական խանութը, այնուհետ պատահաբար նետել գողացված թանկարժեք զարդերով պայուսակը, որն էլ գտել է ոստիկանությունը: Այս մասին հայտնում է BBC News-ը:
Ոստիկանության ներկայացուցիչների համաձայն՝ թանկարժեք զարդերի արժեքը հասնում է 4.5 միլիոն եվրոյի: Դրանք եղել են պայուսակի մեջ, որը հինգ գողերից մեկը պատահաբար գցել է գետնին՝ դեպքի վայրից փախուստի դիմելու ժամանակ:
Նշվում է, որ հանցագործներից երեքը ձերբակալվել են տեղում, ևս երկուսը դեռ որոնման մեջ են:
«Ես կարող եմ հաստատել, որ բոլոր գողացված թանկարժեք զարդերը գտնվել են պայուսակի մեջ», - մեջբերում է Reuters գերծակալությունը ոստիկանության աղբյուրին, որը ծանոթ է այս գործին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հյուրանոց ներթափանցած գողերից երեքը չեն կարողացել դուրս գալ այնտեղից, քանի որ ելքն արգելափակված է եղել: Դրսում գտնվող մյուս երկու հանցագործներին հաջողվել է փախուստի դիմել. մեկը փախել է ավտոմեքենայով, մյուսը՝ մոտոռոլերով, վերջինս էլ պատահաբար կորցրել է պայուսակը:










