Բողոքի ակցիա կառավարության շենքի դիմաց. «Աջ ղեկ» նախաձեռնության անդամները ներկայացրին իրենց առաջարկները

15:40 • 12.01.18

«Աջ ղեկ» նախաձեռնության անդամներն այսօր կառավարությանը ներկայացրին աջ ղեկով մեքենաների ներկրումը ապրիլի 1-ից արգելելու որոշման հետ կապված իրենց առաջարկները։

«Առաջարկները կքննարկվեն, թե ոչ՝ դրանից կախված մենք մեր դիրքորոշումը կհայտնենք»,-ասաց նախաձեռնության անդամներից մեկը:

Ըստ նրանց՝ արգելելով աջ ղեկով մեքենաների ներկրումը, քաղաքացիները 20 տարվա և ավելի վաղեմության մեքենաներ ձեռք կբերեն, որոնք ավելի շատ են վնասելու երթևեկությանը և էկոլոգիային:

«Այսինքն` ավտոպարկի հնեցման խնդիր է գնում»,-ասաց նախաձեռնության անդամներից մեկը։

Նախաձեռնության մեկ այլ անդամ նկատեց, որ այսօր աշխարհում հիբրիդային և էլեկտրական շարժիչով մեքենաներն են խրախուսվում, և աջ ղեկով այդպիսի մեքենաները եթե կարելի է գնել, օրինակ, 5-6 հազար դոլարով, ապա նույնատիպ ձախ ղեկովը՝ 20 հազար դոլար է:

«Ոչ միայն չպետք է արգելվեն, այլ ընդհակառակը՝ առավելություն պետք է տալ»,-ասաց նա:

Նրանք նաև հիշեցրին, որ վարչապետը կառավարության նիստերից մեկում էլեկտրական շարժիչով մեքենաների մաքսազերծումը հանելու հատուկ հանձնարարական տվեց, սակայն ներկրողներից մեկը նշեց, որ այդպիսի մեքենաներից նույնիսկ բնապահպանության հարկ են պահանջել:

«Վարչապետի հետ հանդիպումը մեզ համար գերնպատակ չէ, խնդրի լուծումն է նպատակը»-ասաց նախաձեռնության անդամը: