Թրամփի այցը Լոնդոն չեղարկվել է զանգվածային ցույցերի մտավախությունների ֆոնին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է հաջորդ ամիս Լոնդոնում ԱՄՆ նոր դեսպանատունը բացելու համար Մեծ Բրիտանիա այցելելու մտքից՝ զանգվածային բողոքի ցույցերի մտավախության ֆոնին, հայտնում է The Guardian-ը:
Թրամփը հինգշաբթի հաստատել է Twitter-ում, որ այցը չեղարկվել է՝ որպես պատճառ նշելով Լոնդոնում նոր դեսպանատան հեռու գտնվելը:
Բրիտանիայի իշխանական շրջանակներում աղբյուրները նշել են, որ Վաշինգտոնն ազդանշան է տվել, որ փոխարենը դեսպանատունը կբացի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:
Թերեզա Մեյը մեկ տարի առաջ, երբ դարձավ Սպիտակ տանը Թրամփին այցելող առաջին առաջնորդը, ԱՄՆ նախագահին հրավիրեց պետական այց կատարել Միացյալ Թագավորություն:
Այնուամենայնիվ, պետական այցի ոչ մի ամսաթիվ այդպես էլ չի նշվել, մինչդեռ ակտիվիստները խոստացել են զանգվածային ցույցեր կազմակերպել, իսկ խորհրդարանականները՝ թույլ չտալ նախագահին ելույթ ունենալ խորհրդարանում:
Փոխարենը սպասվում էր, որ Թրամփը հաջորդ ամիս կկատարի կարճատև, «աշխատանքային այց»՝ 1 միլիարդ դոլար արժողությամբ դեսպանատունը բացելու և Մեյի հետ հանդիպում ունենալու համար:










