Ալբերտ Դալլաքյանի վիրահատության համար անհրաժեշտ 45000 դոլարից 25000-ն ունենք. Վիգեն Սարգսյան

16:50 • 14.01.18

 

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել դասակի հրամանատարի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով վիրավորված զինծառայող Ալբերտ Դալլաքյանի բուժման ծախսերի վերաբերյալ:

Նախարարը հայտնել է, որ զինծառայողի բուժման համար 46 000 դոլար է պահանջվում, որի 10%-ը կտրամադրեն ինքն ու իր ընկերները:


Քիչ առաջ Վիգեն Սարգսյանը կրկին գրառում է արել, որ իր երկու ընկերները նվիրաբերել են 11 000 ԱՄՆ դոլար և զինծառայողի վիրահատության համար պահանջվող գումարի 45 000 դոլարից 25000 դոլար:

Պաշտպանության նախարարը, մասնավորապես, գրել է. «Սիրելի ընկերներ, հենց նոր իմ երկու ընկերները հայտնեցին Ալբերտի բուժման համար ևս 11.000 նվիրաբերելու մասին։ Մեր սիրելի խմբավար Կարեն Դուրգարյանը՝ 1000 և Փարիզից Ռայմոնդ Եզեկուլյանը 10.000 ԱՄՆ դոլարի չափով։ Այսպիսով, չհաշված Ալբերտի մայրիկի կողմից բացված հաշվում հավաքագրված գումարը, որի չափն ինքը կհայտնի, ունենք 45000-ից 25.000։ Վատ չէ 24 ժամվա համար։ Պահենք տեմպը և հաջորդ շաբաթ բուժման ուղարկենք Ալբերտին»։

Նշենք, որ Tert.am-ի հետ զրույցում Ալբերտ Դալլաքյանն ասել էր, որ չէր ցանկանա, որ իր բուժման համար գումարն այդ կերպ հավաքվեր, սակայն այլ ելք չկա:


Հիշեցնենք, որ ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Արարատի Դալլաքյանը գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել 2016թ. հունիսի 24-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքի գետնատնակում՝ դասակի հրամանատարի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:

Մասնավորապես՝ պարզվել է, որ դասակի հրամանատար, լեյտենանտ Ա. Նահապետյանը ինքնաձիգը լիցքավորելուց հետո պատահաբար սեղմել է ձգանը, ինչի արդյունքում արձակված գնդակը դիպել է գետնատնակում գտնվող Ա. Դալլաքյանի գլխին՝ անզգուշությամբ պատճառելով գլխի հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում՝ կյանքին վտանգ սպառնացող: