Իսրայելցի զինվորականները պաղեստինցի գրոհայինների ստորգետնյա թունել են հայտնաբերել ու ոչնչացրել

15:10 • 14.01.18

Իսրայելցի զինվորականները հայտնաբերել ու ոչնչացրել են պաղեստինցի գրոհայինների ևս մեկ ստորգետնյա թունել Գազայի հատվածում, այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:

Իսրայելի տարածքով անցնող թունելն, իսրայելական կողմի փոխանցած տեղեկություններով, դուրս էր գալիս մինչև Եգիպտոս: Այն փորված է եղել տարածքում գործող «Համաս» խմբավորման զինյալների կողմից:

Նշենք, որ դեռևս նախօրեին Իսրայելը հայտարարեց Եգիպտոսի և Գազայի սահմանին ահաբեկչական դիրքերի ուղղությամբ իրականացրած ավիահարվածի մասին: Դրա արդյունքում տուժածներ չէին գրանցվել:

Դեռևս մեկ ամիս առաջ իսրայելցի զինվորականները հայտնաբերել էին ևս մեկ նմանատիպ ստորգետնյա թունել, հակաահաբեկչական գործողության ընթացքում սպանվել էր 12 պաղեստինցի զինյալ:

Իսրայելը նման թունելի գործարկումն անվանել էր երկրի ինքնիշխանություն կոպիտ խախտում և պոտենցյալ վտանգ Իսրայելի քաղաքացիների անվտանգության համար: