Հավայան կղզիների բնակիչները խուճապի են մատնվել՝ բալիստիկ հրթիռի մասին կեղծ նախազգուշացում ստանալով (տեսանյութեր)
Ամերիկյան Հավայի նահանգի բնակիչներն իրենց բջջային հեռախոսներին կեղծ նախազգուշացում են ստացել բալիստիկ հրթիռի մասին և խուճապի են մատնվել՝ փորձելով թաքստոց գտնել: Այդ մասին հայտնում է Hawaii News Now-ն:
«ԱՄՆ խաղաղօվկիանոսյան հրամանատարությունը չի հայտնաբերել Հավայիի համար բալիստիկ հրթիռի վտանգ: Նախորդ հաղորդագրությունն ուղարկվել է սխալմամբ»,- հայտարարել է Twitter-ում ամերիկյան հրամանատարությունը:
Նախազգուշացման մեջ նշվում էր, որ Հավայի կղզիների ուղղությամբ բալիստիկ հրթիռ է թռչում: Հաղորդագրությունում մարդկանց կոչ են արել հնարավորինս արագ ապաստան գտնել և վստահեցրել են, որ դա ուսումնական ահազանգ չէ:
«Հավայիի համար հրթիռային վտանգ չկա»,- իր Twitter-ում հաստատել է արտակարգ իրավիճակների տեղի ծառայությունը:
Նահանգապետ Դևիդ Այջը հայտնել է, որ սխալ հաղորդագրության պատճառը եղել է աշխատակիցներից մեկը, ով «սխալ կոճակն» է սեղմել:
«Սխալը թույլ է տրվել նոր հերթապահության փոփոխության ժամանակ: Աշխատակիցներից մեկը սխալ կոճակ է սեղմել»,- ասել է Այջը:
Նշվում է, որ հատուկ ծառայությունները հերքման մասին երկրորդ հաղորդագրությունն են ուղարկել միայն մոտ 40 րոպե անց: Հաղորդագրությունից 15 րոպե անց պետական մարմինները հերքել են տեղեկությունը սոցիալական ցանցերում:
Ամերիկյան նահանգի նահանգապետը ներողություն է խնդրել բնակիչներից կեղծ նախազգուշացման համար և հայտարարել է, որ ջանքեր է ձեռնարկում իրազեկման համակարգի բարելավման ուղղությամբ:
Նահանգի իշխանությունները հետաքննություն են սկսել միջադեպի առնչությամբ:










