Քո բերանն է ամենակեղտոտ խորշը. Մեքսիկայի նախկին նախագահը Թրամփին

18:37 • 14.01.18

Մեքսիկայի նախկին նախագահ Վիսենթ Ֆոքսը Twitter-ի իր էջում կոշտ պատասխան է տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ «աշխարհի կեղտոտ խորշերից ԱՄՆ եկող ներգաղթյալների» մասին նրա վերջին հայտարարության առնչությամբ, հայտնում է Huffington Post-ը: Մեքսիկայի նախկին նախագահը մեղադրել է Թրամփին, որ նա մոռացել է իր սեփական արմատների մասին և նշել է, որ Ամերիկայի փառահեղությունն իր բազմազանության մեջ է:


«Քո բերանն  է հենց ամենակեղտոտ խորշն աշխարհում: Ի՞նչ լիազորությամբ ես դու հայտարարում, թե ում են ողջունում Ամերիկայում, ում՝ ոչ: ԱՄՆ-ի փառահեղությունը նրա բազմազանության վրա է կառուցվում, թե՞ դու մոռացել են սեփական ներգաղթային արմատները, Դոնալդ»,- գրել է Վիսենթ Ֆոքսը:


Հիշեցնենք, որ Թրամփը Սպիտակ տանն օրենսդիրների հետ միգրացիոն քաղաքականության հարցով հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ին հարկավոր չեն աշխարհի կեղտոտ խորշերից եկող ներգաղթյալները:


Հանդիպման ժամանակ սենատորները բացատրել են նախագահին, որ պետք է փոխզիջման գնալ ու շարունակել ընդունել Աֆրիկայից, Հաիթիից ու Սալվադորից ժամանող ներգաղթյալներին:


Սակայն նախագահը նրանց ընդհատել է՝ հետաքրքրվելով, թե «Միացյալ Նահանգների ինչի՞ն են պետք աշխարհի կեղտոտ խորշերից եկող բոլոր այդ մարդիկ»:


«Մենք պետք է ավելի շատ մարդ ընդունենք Նորվեգիայից»,- շարունակել է 71-ամյա ղեկավարը:


Աֆրիկյան միությունում մտահոգություն են հայտնել՝ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կտրուկ արտահայտությունների հետ Հայիթիից և աֆրիկյան երկրներից ժամանող ներգաղթյալների մասին: 


ԱՄՆ նախագահի հասցեին քննադատությամբ հանդես է եկել նաև ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնաժողովի վարչության ներկայացուցիչ Ռուպերտ Կոլվիլը: