Ֆրանսիական ընկերությունը 83 երկրից հետ է կանչում մանկական սնունդը սալմոնելլայի պատճառով

17:17 • 14.01.18

83 երկրներում վաճառքից հանվում է մանկական սննդի համար չոր կաթի ավելի քան 12 միլիոն փաթեթ ֆրանսիական Lactalis ընկերության ձեռնարկությունում սալմոնելլայի վարակի առնչությամբ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Ընկերության ղեկավարը հաստատել է վարակման մասշտաբները ֆրանսիական լրատվամիջոցներում հրապարակված հայտարարությունում:


Սալմոնելլայի բակտերիան հայտնաբերվել է ընկերության կաթի գործարանում անցած տարվա դեկտեմբերին: Ընկերությունն անմիջապես սկսել է արտադրանքը վաճառքից հետ կանչել:


Ընկերության նկատմամբ արդեն հարուցվել է մի քանի դատական գործ երեխաների ծնողների կողմից, որոնք իրենց վատ են զգացել ընկերության արտադրանքն օգտագործելուց հետո:


Սալմոնելլան առաջացնում է սուր ստամոքսաղիքային խանգարումներ և ջրազրկում: Այն կարող է վտանգ ներկայացնել կյանքի համար, հատկապես նորածինների վարակման դեպքում:


Վարակման 35 դեպք է գրանցվել Ֆրանսիայում, մի դեպք՝ Իսպանիայում: Եվս մեկ դեպք հետաքննվում է Հունաստանում: