Բերրի հողերի 60%-ը չի մշակվում. «Ծառուկյան» խմբակցության՝ բնակլիմայական աղետներից վնասվելու դեպքում գյուղացուն հողի հարկից ազատելու նախագիծը մերժվեց

11:10 • 15.01.18

ԱԺ-ի լիագումար նիստում այսօր քննարկման է ներկայացվել «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում մերժվել էր:   

Նախագծի հիմնական զեկուցող Վահե Էնֆիաջյանը նշեց, թե առաջարկվում է գյուղատնտեսական նշանակության հողերը, տնամերձ և այգեգործական հողամասերը բնակլիմայական աղետների հետևանքով՝ կարկուտ, երաշտ, ցրտահարություն և այլն, մշակաբույսերի, պտղատու այգիների առնվազն 40 տոկոս վնասվելու դեպքում, տվյալ տարվա համար ազատել հողի հարկից:

«Հաշվի առնելով, որ բնակչության 35,7%-ը գյուղաբնակ է, բերրի հողերի 60%-ը չի մշակվում, և մենք ականատես ենք լինում, որ չի մշակվում, քանի որ կոշտ հարկային քաղաքականություն է վարվում, անմրցունակ վիճակ է, և քաղաքացներն, առերեսվելով այս ամենին, կանգնում են ծանր իրավիճակի առաջ»,-ասաց նա և հավելեց, թե գյուղացիները տեղից էլ վարկեր են վերցնում, որպեսզի տնտեսությունը զարգացնեն, և այդ դեպքում նման վիճակում մեծ խնդրի առաջ են կանգնում:

«Այս առաջարկությունը ներկայացնում ենք, որպեսզի գործի միմիայն տվյալ տարվա համար»,-ասաց նա:

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը նշեց, թե նման հարց վերապահված է տեղական իշխանություններին, և նման օրենք ընդունելով՝ կլինի Կառավարությանը պարտավորություն տալ երկրորդ անգամ գնալ փոխհատուցումների:

«Բոլորս գիտենք, որ բոլոր աղետների ժամանակ կառավարությունը պարտավոր է կորուստների փոխհատուցում իրականացնել պետբյուջեից, առաջարկվող նախագիծը հնարավորություն է տալիս կամ մեկն անել, կամ մյուսը»,-ասաց նա:

Էնֆիաջյանը նշեց, թե սա նախաձեռնություն է ոչ թե «կամ-կամ»-ի, այլ «և-և»-ի և հավելեց, թե համայնքի ղեկավարները կամայական են այդ գումարները տուժած գյուղացիներին տալիս, իսկ այս օրենքով կանոնակարգվում է այդ հարցը:

Իվետա Տոնոյանը նշեց, որ վիճակագրությունը մտահոգիչ է, և եթե  հողերի 60%-ը չի ընդունվում, ուրեմն նախագծի կարիքը կա:

Նախագիծը լիագումար նիստում ևս դրվեց քվեարկության և մերժվեց 34 կողմ և 54 դեմ քվեարկությամբ: