Ունենք սուր շնչառական հիվանդությունների աճ, հոսպիտալացվել է 670 անձ՝ հիմնականում երեխաներ․ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ
Վերջին օրերին, ինչպես նախորդ տարիների նույն ժամանակահատվածում, հանրապետությունում ունենք սուր շնչառական հիվանդությունների, այդ թվում՝ գրիպի աճ։ Հիվանդանոցներում ունենք 670 հոսպիտալացվածներ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը։
«Սրանք սեզոնային հիվանդություններ են, որոնց այս օրերի տարածմանը նպաստում է նաև այն հանգամանքը, որ ժողովրդի շփումը ավելանում է Նոր տարվա օրերին, և վարակը ավելի շատ է տարածվում։ Իհարկե, տարվա ցուրտ ամիսները նույնպես կապ ունեն, վիրուսը իրեն շատ ավելի լավ է զգում հենց այս ժամանակ»,- նշեց Ասոյանը։
Նրա խոսքով՝ 670 հոսպիտալացվածները հիմնականում մինչև 4 տարեկան երեխաներ են, իսկ մեծահասակաները սուր շնչառական հիվանդությունների դեպքում ուղղակի քիչ են դիմում բուժհաստատություններ։
«Այնպիսի վտանգավոր վիճակ չունենք, որ դպրոցների հետաձգման պահանջ լինի։ Դպրոցներում չունենք բացակայությունների այն քանակը, որ նախարարությունը գնա այդ քայլին։ Ես միշտ շատ-շատ վախեցել եմ գրիպից, այն կարող է ունենալ սարսափելի բարդություններ, բայց այս տարի նման երևույթ մենք առայժմ չունենք»,- հայտնեց Արա Ասոյանը։
Նրա տվյալներով՝ վերջին երեք օրերին Երևանում դիմելիությունը պակասել է, իսկ մարզերում հակառակը՝ մի քիչ ավելացել։
Գլխավոր ինֆեկցիոնիստի տեղեկացմամբ՝ Հայաստանում հայտնաբերվել են նաև խոզի գրիպի մի քանի ոչ բարդ դեպքեր, բայց տարածվածություն չկա։ Այժմ ՀՀ-ում գրիպի Ա և Բ տեսակներն են հանդիպում, իսկ խոզի գրիպը մտնում է Ա տեսակի մեջ։
Ինչ վերաբերում է այսօր hանրապետության տարածքում ձյան տեսքով տեղումներից հետո հիվանդությունների կրճատման հարցին, Արա Ասոյանը պատասխանեց․ «Ժողովրդի մոտ այսպիսի կարծիք կա՝ ձյուն կգա անպայման կմաքրվի։ Որևիցե գիտական բացատրություն չկա, որ տեղումները նպաստում հիվանդությունների նվազմանը, բայց վիճակագրությունը ցույց է տալիս, որ ձյան տեսքով տեղումներից հետո հիվանդությունների կրճատվում են»։










