«Մնացել է ապրելու 10 րոպե». Հավայիների ուղղությամբ բալիստիկ հրթիռի արձակման կեղծ տագնապն իրարանցում է առաջացրել նահանգում (տեսանյութ)
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Հավայան կղզիների իշխանությունների կողմից հայտարարված կեղծ հրթիռային տագնապը, որը տեղի բնակիչներին խուճապի է մատնել, գրում է CNN-ը:
«Նրանք սխալ են գործել»,-ասել է Թրամփը՝ միևնույն ժամանակ գովելով իշխանություններին կատարվածի պատասխանատվությունը ստանձնելու համար:
ԱՄՆ նախագահը նաև հույս է հայտնել, որ ապագայում այլևս նման բան չի կրկնվի:
Հայտնի է, որ հունվարի 13-ին Հավայիներում կեղծ տեղեկություն է տարածվել, թե նահանգի ուղղությամբ բալիստիկ հրթիռ է թռչում և որ մարդիկ պետք է հնարավորինս արագ թաքստոց գտնեն: Բնակչությունն անմիջապես խուճապի է մատնվել, երբ իշխանությունները հավելել են, որ դա զորավարժային տագնապ չէ:
Հետաքրքրական է, որ հոլիվուդյան դերասան Ջիմ Քերին տագնապի հայտարարման ժամանակ Հավայիներում է գտնվել:
«Այսօր արթնացա Հավայան կղզիներում, ու հասկացա, որ ապրելու համար 10 րոպե է մնացել»,-իր թվիթերյան միկրոբլոգում գրել է դերասանը:
Մինչդեռ տեղի պատգամավոր Մեթյու Լոպրեստին ասել է, որ տագնապի ազդանշանը շատ լուրջ է ընդունել և երեխաների հետ թաքնվել է լոգասենյակում, որտեղ անդադար աղոթել է:
Հայտնի է, որ տագնապի հայտարարումից հետո մայրաքաղաք Հոնոլուլուի գլխավոր մայրուղու երթևեկությունը կաթվածահար է եղել. վարորդները լքել են իրենց մեքենաներն ու շտապել թաքստոց գտնել:
Կեղծ տագնապը հերքվել է 38 րոպե անց: Նահանգապետ Դևիդ Այջը ներողություն է խնդրել բնակիչներից՝ մանրամասնելով, որ կատարվածի մեղավորը սխալ կոճակ սեղմած աշխատակիցն է:










