Պուտինը Լենինի մարմինը համեմատել է սրբերի մասունքների հետ (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալաամ» ֆիլմի համար տված հարցազրույցում Լենինի դամբարանը համեմատել է քրիստոնեական սրբերի մասունքների պահեստարանի հետ: Նախագահի մասնակցությամբ դրվագը ցուցադրվել է «Ռոսիա 1» հեռուստաալիքով:
«Տեսեք, Լենինին դրել են դամբարանում: Ինչո՞վ է դա տարբերվում ուղղափառների և, առհասարակ, քրիստոնյաների համար սրբերի մասունքներից: Երբ ինձ ասում են, որ քրիստոնեությունում նման ավանդույթ չկա, զարմանում եմ՝ ինչպե՞ս թե չկա: Եկեք Աֆոն (Աթոս լեռը), տեսեք այնտեղ պահվող սրբերի մասունքները»,-ասել է ՌԴ նախագահը:
Միևնույն ժամանակ, Պուտինն ընդգծել է, որ կոմունիզմի գաղափարախոսությունը շատ նման է քրիստոնեությանը:
«Ազատություն, հավասարություն, եղբայրություն և արդարություն. այս ամենը գրված է Աստվածաշնչում»,-շարունակել է Պուտինը: Միևնույն ժամանակ, ՌԴ ղեկավարը չի բացառել, որ իր ասածը կարող է ոմանց դուր չգալ:
Հայտնի է, որ «Վալաամ» ֆիլմը նկարահանել է հեռուստալրագրող Անդրեյ Կոնդրաշովը, որի խոսքով՝ դրանում Պուտինի էությունն ու բնավորությունը բացահայտվելու են աննախադեպ ձևով: Հայտնի է, որ այն ցուցադրվելու է նախքան նախագահական ընտրությունները, որոնք կայանալու են մարտի 18-ին։










