Խառնաշփոթ և անելանելի իրավիճակ Բրյուսովի լեզվաբանական համալսարանում. Ահազանգում է քաղաքացին, իսկ ռեկտորը` հերքում
Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ տարվա վերջին հաստատվել է հոգաբարձուների խորհրդի նոր կառուցվածքը: «Նոր կառուցվածքով վերակազմավորվել են ֆակուլտետները, որոնք ավելի համապատասխանում են համալսարանի մասնագիտական ուղղվածություններին, որովհետև նախկինում կրկնվող ֆակուլտետներ կային: Հիմա ընդամենը համաձայն նոր կառուցվածքի մենք վերաբաշխում ենք ամբիոնները և տեղափոխություններ ենք անում»,-ասաց նա և վստահեցրեց, որ ոչ մի խառնաշփոթ համալսարանում չկա, մարդիկ նորմալ, բնականոն աշխատում են, ինչի հարցում համոզվելու համար կոչ արեց գալ համալսարան:
Նշենք, որ Tert.am-ը քաղաքացի Մարինե Բաղրամյանից նամակ էր ստացել, ըստ որի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում խառնաշփոթ և անելանելի իրավիճակ է ստեղծվել, նա մատնանշել էր մի շարք խնդիրներ:
Կարինե Հարությունյանը պատասխանելով հարցին, թե տարվա կեսից նորմա՞լ է այդպիսի փոփոխություններ անել, ասաց, որ այդ փոփոխությունները ուսանողների, ուսումնական գործընթացի վրա ոչ մի ձևով չի ազդում, որովհետև ամբիոնները շարունակում են աշխատել, իսկ ուսանողններն էլ շարունակում են քննաշրջանը:
«Հաստիքների շատ քիչ կրճատում է եղել, ավելի շատ տեղափոխություններ են եղել, պարզապես պրոռեկտորների թիվն է կրճատվել, որովհետև մեր համալսարանը փոքր համալսարան է և արդյունավետության տեսանկյունից չորս պրոռեկտորի անհրաժեշտություն չկա, բայց նրան նոր համարժեք աշխատանք առաջարկվել է»,-ասաց նա:
Ռեկտորը նշեց, որ պրոֆեսորադասախոական կազմում ընդհանրապես ոչ մի կրճատում չի եղել, այլ երեք հաստիք է կրճատվել, որոնք կրկնում էին եղած հաստիքները: Նա վստահեցրեց, որ կրճատվողներին օրենքով սահմանված երկու ամիս ժամկետը տրվել է և ոչ մի դատական հայց չկա բուհի դեմ:
Ըստ նրա` ինչպես էլ այդ փոփոխությունները կազմակերպվեին, դժգոհություններ միշտ էլ կլիներ և դրանից խուսափել միգուցե հնարավոր չէ: Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք բուհը ֆինանսական խնդիրներ ունի, ապա Կարինե Հարությունյանը նշեց, որ սկզբնական շրջանում որոշակի խնդիրներ կային, բայց դրանք հարթվում են:
Անդրադառնալով քաղաքացու ահազանգած` հիմնադրամի համար հավաքագրված գումարներին, ռեկտորը նշեց, որ ոչ մի պահում, հավաքագրվում չի եղել և պարզաբանեց. «Եղել է նախաձեռնություն ստեղծել համալսարանի համար անձեռնմխելի ֆոնդ, որը նաև կառավարության ծրագրի մեջ է մտնում և որոշ աշխատակիցներ իրենց կամավոր ներդրումն են ունեցել այդ ֆոնդին, գումարը հաշվի վրա է և ցանկացած մարդ այն կարող է ստուգել»: Նա նշեց, որ դրա նպատակն է արտակարգ իրավիճակների համար որոշակի գումար ունենալը:
Ռեկտորի խոսքով` ով որքան կարողացել է ներդրել է և մեկ տարվա ընթացքում երկու միլիոն դրամ գումար է հավաքագրվել, բայց դրա մի մասը համալսարանի եկամուտներից է եղել, մի փոքր գումար տվել է արհմությունը և մի փոքր մասն էլ` աշխատողները: «Ընդհանուր դժգոհություն համալսարանում չկա, առանձին անձանց կողմից է դա»,-ասաց նա:
Ստորև ներկայացնում ենք քաղաքացու նամակն ամբողջությամբ.
«Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը ուսումնական տարվա կեսին հայտնվել է ծանր վիճակում, քանի որ մի քանի օր առաջ դեռ պաշտոնակատար, իսկ հունվարի 11-ից արդեն Կառավարության նիստով հաստատած ռեկտոր Կարինե Վիլիկի Հարությունյանին արդեն հաջողվել է մի քանի ամիսների ընթացքում բուհը հասցնել կաթվածահար վիճակի: 2017 թվականի վերջին գիտխորհրդի նիստին, որը տեղի ունեցավ դեկտեմբերի 26-ին, առանց գիտխորհրդի անդամներին ըստ ընթացակարգի երեք օր առաջ իրազեկելու, ռեկտորը իր էլեկտրոնային կրիչից տեղեկատվություն հրամցրեց գիտխորհրդի անդամներին և մի քանի րոպեի ընթացքում ցույց տվեց բուհի նոր կառուցվացքը, որը հաստատվեց գիտխորհրդի անդամների կողմից: Այնուհետև հաջորդ օրը նոր կառուցվածքը և հաստիքացուցակը, որը չէր ներկայացվել գիտխորհրդի անդամներին, ուղարկվեց համալսարանի խորհրդի անդամներին հաստատման: Այն ստորագրվեց անդամների կողմից դեկտեմբերի 29-ին և ըստ բուհի ղեկավարի անձնական մտահղացման, ուժի մեջ մտավ 2018 թվականի հունվարի 1-ից:
Այսինքն, առանց անձնակազմին տեղեկացնելու երկու ամիս առաջ փոփոխությունների մասին, գործի մեջ դրվեց կամայական որոշումը: Իսկ հունվարի 8-ին անակնկալի եկան աշխատակիցները, որոնց ստիպեցին հետին թվով ազատման դիմումներ գրել հաստիքները լուծարելու պատճառով, կամ այլ աշխատանքի անցնելու նպատակով: Բացառությամբ մի քանի հոգուց, բուհի մեծ մասից հաջողվեց կորզել հետին թվով դիմումներ, քանի որ ճարահատյալ աշխատակիցները տարակուսանքի և շփոթմունքի մեջ վախեցան զրկվել աշխատատեղից, իսկ մի քանիսն էլ մեր տեղեկություններով դիմեցին դատարան՝ իրենց աշխատանքային իրավունքները վերականգնելու նպատակով: Զավեշտն այն է, որ ուսումնական տարվա կեսին, առանց նոր ռազմավարական ծրագիր ձեռքի տակ ունենալով, ռեկտորը վերակազմավորեց նույնիսկ բուհի ֆակուլտետները, և այժմ ուսանողները հարկից հարկ, ֆակուլտետից ֆակուլտետ են գնում, որպեսզի իմանան իրենց հուզող հարցերի պատասխանները: Նոր դեկանները և դեկանի տեղակալները դեռ չգիտեն, թե ինչ և ինչպես են անելու: Նոր կառուցվածքը անտրամաբանական է, քանի որ լուծարվել են ուսումնական գործընթացին վերաբերող մի շարք կարևոր հաստիքներ, և փոխարենը ընդլայնվել են գնումների բաժինը/մեկ աշխատողի փոխարեն բաժնի ղեկավարի և մեկ գնումների մասնագետի հաստիքներ, Շենք և շինությունների վարչությունը նախկինում ուներ մեկ աշխատակից, որն ուներ էր տարաբնույթ պարտականություններ, իսկ նոր կառուցվացքով վարչությունը կունենա վարչության պետ, պետի տեղակալ և ինժեների հաստիքներ, նորաստեղծ ֆինանսական վարչությունում ավելացվել է երեք դրամաշնորհային մասնագետների հաստիքներ և այլն:
Դրանք համալսարանի ռեկտորը ավելի կարևոր է համարում, քան համալսարանի անգլերենի հնչյունաբանության և քերականության ամբիոնը, որը լուծարվել է 30-ից ավելի հաստիք, ֆրանսերենի ամբիոնը, որը համարվում է թողարկող ամբիոն, և այն միանալով եվրոպական լեզուների ամբիոնին, այսուհետ կոչվելու է ռոմանական լեզուների ամբիոն և այլն: Ռեկտորի անօրինականությունները չեն սահմանափակվում կառուցվածքով, և դեկտեմբերին նա կազմակերպեց դրամահավաք բոլոր աշխատակիցներից՝ հայտարարելով, որ ստեղծում է հիմնադրամ, և տարբեր հաստիքներ զբաղեցնող անձինք զոհաբերեցին 500-ից մինչև 50000 դրամ: Նույնիսկ համալսարանի հավաքարարներից գումար հավաքվեց «կամավոր-պարտադիր» սկզբունքով, և նրանք բուհի զարգացմանը տրամադրեցին 500 դրամ իրենց նոյեմբերի աշխատավարձից, որը գանձվեց աշխատավարձներից: Առ այսօր աշխատակիցները այդպես էլ չիմացան, թե ինչ հիմնադրամ էր ստեղծել ռեկտորը, որտեղ է այն գրանցվել, ինչ գումար հավաքվեց, և այլն: Կարծում ենք, որ արժի, որ, երկրի համապատասխան մարմինները իրազեկ լինեն անօրինական բարձիթողի վիճակից և միջոցներ կձեռնարկեն բուհը փրկելու ուղղությամբ: Այս պահին ընթանում են քննություններ, և ուսանողների շատ հարցեր մնում են անպատասխան, թեև ուսանողները վճարում են ուսման վարձ և իրավունք ունեն ստանալ հուզող հարցերի վերաբերյալ տեղեկատվություն և աջակցություն»,-նշված է նամակում:










