Այն, ինչ վերաբերում է Հայրենական պատերազմին, պետք չէ քաղաքականացնել. Շավարշ Քոչարյանը՝ Չեխիայում Հայաստանի դեսպանին տրված նկատողության մասին

20:01 • 17.01.18

 

Չեխիայի արտաքին գործերի նախարարը Հայաստանի և նախկին խորհրդային ևս 4 երկրների դեսպաններին օրերս առաջ կոչ է արել չմիջամտել Պրագա քաղաքի ներքին գործերին:

Դեռևս 2017 թ.-ի դեկտեմբերի 22-ին Չեխիայում Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի դեսպանները հանդես են եկել մարշալ Իվան Կոնևի արձանի մոտ նոր ցուցանակի տեղադրման դեմ: Դեսպանների կարծիքով՝ ցուցանակը նսեմացնում է հուշարձանի կարևորությունը և անարգում նացիզմի դեմ պայքարում զոհվածների հիշատակը:

Չեխիայի ԱԳ նախարարն, արձագանքելով նամակին, շեշտել է՝ դա Պրագայի իշխանությունների և քաղաքացիների ներքին գործն է:

Tert.am-ի հետ զրույցում Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ասաց, որ «դա ընդհանուր դժգոհություն է, որը վերաբերում է բոլոր այն երկրներին, որոնք հանդես են եկել այդ նախաձեռնությամբ»:

«Կա երկու մոտեցում, որոնցից մեկին միացավ նաև Հայաստանը: Խոսքն այն մասին է, որ այն, ինչ վերաբերում է Հայրենական պատերազմին, պետք չէ քաղաքականացնել: Մյուս կողմիցч հասկանալի է, թե ինչ էր Հայրենական պատերազմը մեզ համար, ինչ ներդրում ենք մենք ունեցել, ինչ կորուստներ ենք ունեցել: Մենք ձգտում ենք զերծ պահել քաղաքական դրսևորումներից Հայրենական պատերազմը»,- ասաց Շավարշ Քոչարյանը:

Ըստ նրա՝ Կոնևի արձանի վրա կային գրառումներ, որոնք վկայում էին Կոնևի բացասական դերի մասին՝ կապված իրենց ապստամբության հետ:

«Չեխիայի իշխանությունները համարում են, որ դա իրենց տեղական իշխանության խնդիրն  ու բացահայտ այս մասին հայտարարում են: Չեմ կարծում, որ սա լուրջ խնդիր է, որը պետք է երկար քննարկել»,- ասաց Շավարշ Քոչարյանը: