Երևանում 40 հազար ուղևոր երթուղայինի համար արդեն վճարում է 200 դրամ, որովհետև 20 գիծ փակվել է. փոխադրողների միության նախագահ

17:53 • 17.01.18

Մինչև առուն ջուր գա, գորտի աչքն էլ դուրս կգա, այսինքն`մինչև քաղաքապետարանը բողոքող երթուղային ցանցի վարորդների հետ բացատրական աշխատանքներ տանի, քաղաքի բնակչությունը ոտքով կմնա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը:

Հիշեցնենք, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ քաղաքապետարանը երեկ բողոքի ակցիա իրականացրած երթուղային տաքսիների վարորդների հետ բացատրական աշխատանքներ է տանում:

Tert.am-ը տեղեկացրել էր, որ հունվարի 16-ին 35, 37, 44, 75 համարի երթուղային տաքսիների վարորդները գործադուլ էին անում Երևանում՝ ի նշան գազի թանկացման դեմ բողոքի: Վարորդները բողոքում էին, որ սեղմված գազի 1 խմ-ի համար 25 դրամ ակցիզային հարկ սահմանելուց հետո մոտ 1500 դրամ ավելի են վճարում լիցքավորման համար:

Հրանտ Եղիազարյանի խոսքով՝ խնդրին ինչ-որ չափով լուծում կարող է տրվել երթուղային տաքսիներին գազը ինքնարժեքով տրամադրելով. «Մեկ միկրոավտոբուսը օրական 30 խմ գազ է ծախսում, այդ 30 խմ-ը թող հարկերից ազատեն, ինքնարժեքով տան: Խնդիրն այսկերպ չի լուծվի, բայց գոնե ռեանիմացիոն պրոցեսը կերկարի: Այսինքն` երթուղային ցանցը ոչ թե վաղը «կմեռնի», այլ մեկ կամ մի քանի տարի հետո»,- ասաց Փոխադրողների միության նախագահը:

Ինչ վերաբերում է երթուղայինների` միջինում 15 հազար դրամ օրական պլանի իջեցմանը, Հրանտ Եղիազարյանի կարծիքով, դա տվյալ ընկերության հասույթն է, որ պետք է վճարեն վարորդները: Ըստ նրա` վարորդների կողմից վճարվող օրական 15 հազար դրամը դեռ քիչ գումար է:

«Չեն կարող ամեն ինչի գները բարձրանալ, իսկ երթուղային տաքսիների գները մնան նույնը: Երթուղայինները չեն կարող այս դեպքում նորմալ աշխատել, մի օր փակվելու են: Վերջին մեկ ու կես տարվա ընթացքում 20 երթուղի է փակվել, իսկ դրանց ուղևորները՝ մոտ 40 հազար մարդ, այսօր վճարում է 200 դրամ, որովհետև գնում են A կետից B կետ, հետո B կետից գնում են C կետ, որովհետև ուղիղ երթուղի չկա»,- ասաց նա։

Հրանտ Եղիազարյանը վստահ է, որ գազի գնի բարձրացումից հետո ավելի շատ երթուղիներ կփակվեն: