Տավուշում ադրբեջանական դիրքերից արձակված կրակոցից հայ զինծառայող է վիրավորվել
Հունվարի 17-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին հայտնել են, որ հրազենային վիրավորումով իրենց մոտ է տեղափոխվել զինծառայող:
Պարզվել է, որ հրազենային վնասվածքը զինծառայողն ստացել է նույն օրը, ժամը 13։00-ի սահմաններում Կոթի-Բարեկամավան շրջանի մարտական դիրքում ադրբեջանական կողմից արձակված կրակոցի հետևանքով։ Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից:
Tert.am-ին ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ վիրավոր Ադիբեկ Արարատի Նիկոյանը երեկվանից գտնվում է Մուրացան հոսպիտալում, վերջինիս առողջական վիճակը կայուն է, գտնվում է հիվանդասենյակում:
Հարցին, թե ինչո՞ւ այդ մասին Նախարարությունը չէր տեղեկացրել, այսինքն՝ ինչպես նախորդ դեպքերում, անվտանգության նկատառումներո՞վ չէր հայտնել Արծրուն Հովհաննիսյանը դրական պատասխան տվեց: Նա մանրամասներ չհայտնեց այն մասին, թե ինչ հանգամանքներում ու արդյոք հենակետո՞ւմ է զինծառայողը ստացել վիրավորում:










