Հայտնի է դարձել՝ ինչու են Բաշկորտոստանում հայկական համայնքի ներկայացուցիչները ծեծել ու կրակել տեղացի պատգամավորի վրա
Բաշկորտոստանի Հանրապետության Նեֆտեկամսկ քաղաքում հայկական համայնքի ներկայացուցիչների և տեղի պատգամավոր Իլդուս Շամսիյարովի միջև կոնֆլիկտ է ծագել: Դեպքի վայրից բաշկորտոստանցի պատգամավորին կապտուկներով, ուղեղի ցնցումով և ձեռքի հրազենային վնասվածքով շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց:
Իլդուս Շամսիրայովը տեղական «МедиаКорСеть» լրատվամիջոցին հայտնել է, թե մեղավորը հայերն են եղել: Նրա խոսքով՝ իրենք գնացել են հայերի գրասենյակ՝ իրենց տրակտորի վնասվելու մասին հարցը լուծելու համար, իսկ մտնելուն պես իր գլխին ատրճանակ են պահել, իրեն ուղեկցող մեխանիկին էլ հարվածել են ինքնաձիգով:
«Ինձ սկսեցին ծեծել, լավ է՝ ատրճանակը տրավմատիկ էր»,- պատմել է Իլդուս Շամսիյարովը:
Հայկական համայնքի ներկայացուցիչները, սակայն, նույնպես խոսել են լրատվամիջոցի հետ և պատգամավորին մեղադրել են սպանության սպառնալիքի համար:
Հայերը տասը հոգու կողմից ծեծի ենթարկվելու և տրավմատիկ զենքից վնասվածք ստանալու մասին հայտարարած պատգամավորին մեղադրել են սուտ խոսելու համար և հայտարարել, որ պատգամավորը սպառնացել է սպանությամբ և գրասենյակում կրակել է ատրճանակից:
«Նա հանեց ատրճանակը և չորս անգամ կրակեց, գոռում էր՝ «կսպանեմ ձեզ բոլորիդ»,- պատմել է որպես «Թանիփ» ընկերության համասեփականատեր ներկայացած Ավետիքը:
Նա պնդել է, որ կոնֆլիկտը ծագել է դեռ ավտովթարի վայրում, երբ պատգամավորին առաջարկել են վերանորոգել տրակտորը, իսկ նա պահանջել է իրենց գումար վճարել:
«Նա հարվածել է մեր մարդուն, նստել մեքենան ու գնացել: Մենք հետո արդեն գտանք նրա հեռախոսահամարը, զանգեցինք և առաջարկեցինք գալ մեր գրասենյակ»,- պատմել է ձեռնարկատերը: Ավետիքի խոսքով՝ պատգամավորին վնասվածքներ են հասցվել, երբ նրանից փորձել են խլել զենքը:
«Մենք ինքներս ենք զանգել ոստիկանություն և դիմում տվել, թե գործ հարուցել են, թե ոչ՝ չգիտեմ»,-լրատվամիջոցին ասել է Ավետիքը:










