Պերմում դպրոցականների՝ այդ թվում հայ երեխայի դանակահարած դեռահասները հայտնել են, որ չեն զղջում իրենց արածի համար
Հունվարի 15-ի առավոտյան Պերմի № 127 դպրոցի աշակերտների վրա տեղի ունեցած հարձակման հեղինակները, որոնք դանակներով զինված ներխուժել էին 4-րդ դասարան ու մարմնական վնասվածքներ հասցրել ուսուցչուհուն ու անպաշտպան երեխաներին, այդ թվում՝ հայ երեխայի, իրավապահներին ասել են, որ չեն զղջում արածի համար:
Ինչպես նշում է kp.ru-ն, հարձակվողներից մեկը դանակի 17 հարված է հասցրել ուսուցչուհուն, հետո դեռահասները շրջվել են երեխաների կողմը՝ հարվածելով նրանց գլխին ու պարանոցին: Դրանից հետո դեռահասները հարձակվել են իրար վրա՝ հավանաբար փորձելով սպանել մեկը մյուսին:
Այժմ հարձակումն իրականացնողները հոսպիտալացված են ու գտնվում են շուրջօրյա հսկողության տակ:
Նշվում է, որ ապաքինվելուց հետո մեղադրյալները կուղարկվեն հոգեբանական փորձաքննության, որպեսզի հնարավոր լինի որոշել նրանց մեղսունակության աստիճանը:
Հայտնի է, որ տղաներից մեկն արդեն 7 տարի հոգեկան հիվանդություն ունի: Քաջատեղյակ աղբյուրի փոխանցմամբ՝ հենց նա է հարձակման ծրագրավորողը՝ համոզելով ընկերոջը միանալ իրեն:
Փորձագետների կարծիքով՝ դեռահասները ցանկացել են հակահերոսներ դառնալ ու հանրության ուշադրությունը գրավել իրենց անձի ուղղությամբ:
Հայտնի է, որ նրանք հարցաքննության ժամանակ պատմել են կատարվածի մանրամասները՝ ինչպես են դպրոց եկել, դասարան մտել, հարվածներ հասցրել երեխաներին, ծեծել ուսուցչուհուն: Այլ կերպ ասած՝ նրանք միանշանակ ընդունել են, որ հանցանք են գործել, բայց չեն բացատրել, թե ինչու են նման բան արել, ինչպես նաև չեն զղջացել արածի համար:










