Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելական բանակի գործողության հետևանքով պաղեստինցի է զոհվել
Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Ջենին քաղաքում առնվազն մեկ պաղեստինցի է սպանվել Իսրայելի պաշտպանության բանակի հատուկ գործողության հետևանքով: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Պաղեստինի առողջապահության ոլորտի ներկայացուցիչներին և տեղացիներին:
Իսրայելցի զինվորները հատուկ գործողություն են իրականացրել՝ փնտրելու համար անցած շաբաթ պաղեստինյան Նաբլուս քաղաքի մոտ գտնվող հրեական բնակավայրի բնակիչ Ռազիել Շևահի սպանության համար կասկածվող պաղեստինցիներին:
Գործողության ընթացքում վիրավորվել է նաև Իսրայելի պաշտպանության բանակի երկու զինվոր և ևս մեկ պաղեստինցի:
Սպանվածն Ահմեդ Ջարարն էր՝ ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդներից մեկի որդին, որը սպանվել է 2002 թվականին, Ջենինում:
Իսրայելական բանակի գործողությունն այդ հատվածում շարունակվում է: Ջենինի բնակիչները հայտնել են, որ հինգշաբթի առավոտյան դեռ լսվում են կրակոցների ձայները:










