Գյումրիում բնակիչները մեքենաների ընթացքը կանգնեցնում էին`վարչապետին ողջունելու. Խ. Հարությունյանը դրվագներ հիշեց Ա. Սարգսյանի վարչապետության շրջանից
Քրիստոնեա-դեմոկրատականկուսակցության նախագահ, նախկին վարչապետ, ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը Tert.am- հետ զրույցում հայտնեց, որ ՀՀ նախագահի կողմից ՀՀ չորրորդ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի վարչապետության ժամանակ իր հրավիրով աշխատել է նրա գլխավոր խորհրդական:
«Թեև մեր աշխատանքային համագործակցությունն օբյեկտիվ պատճառներով կարճ տևեց, բայց այդուհանդերձ ինձ համար պահպանվել են վարչապետ Սարգսյանի ամենալավ հիշողությունները և տպավորությունները: Նա առանձնանում է, նախ, լսելու ունակությամբ, երկրորդ`որոշում կայացնելու ընդունակությամբ, մարդկանց հետ հարաբերվելու, հատկապես հանրության մոտ վստահություն ձևավորելու մեծ կարողությամբ»,-ասաց նա և նշեց, որ Արմեն Սարգսյանը տարբերվում է շատերից իր ինտելեկտով:
«Ես հիշում եմ, երբ մենք միասին մեկնում էինք Գյումրի, դա առաջին աշխատանքային այցն էր, 96 թվականն էր, և եթե մտովի տեղափոխվենք 96 թվականի Գյումրի, ապա այն երկրաշարժից հետո ավերակների վերածված քաղաք էր: Հիշում եմ, որ ամբողջ ճանապարհին մարդիկ մեքենաների ընթացքը կանգնեցնում էին ինքնաբուխ, բնակիչները դուրս էին գալիս վարչապետին ողջունելու: Վաղուց նման ջերմ ընդունելություն հանրության մոտ իշխանության ներկայացուցչի նկատմամբ չէինք տեսել»,-ասաց նա:
Ըստ Խոսրով Հարությունյանի` այսօր ևս Արմեն Սարգսյանի նկատմամբ նույն ջերմությունը պահպանվել է: «Այս տարիների ընթացքում նա միջազգային ատյաններում, սփյուռքում, միջպետական հարաբերություններում շատ բարձր է ներկայացրել Հայաստանը»,-ասաց նա և կարևորեց, որ նրան ճանաչում են Հայաստանի սահմաններից դուրս` թե՛ Ռուսաստանում, թե՛ Եվրոպական երկրներում, թե՛ ԱՄՆ-ում եմ:
«Նա էապես կբարձրացնի նաև մեր հանրապետության վարկը, կարծում եմ, ինքը հայտնի է, որպես վստահելի թե՛ քաղաքական, թե՛ բիզնես գործընկեր»,-ասաց նա:










