Ես վերաբերմունք չեմ ուզում, ուզում եմ մի քիչ լավ ապրել. ազատամարտիկի բամզանդամ ընտանիքը ծանր պայմաններում է ապրում (տեսանյութ)

21:56 • 20.01.18

Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի Անի թաղամասում ազատամարտիկ, ԵԿՄ անդամ, 68-ամյա Ժորա Օհանյանն իր բազմանդամ ընտանիքի հետ ապրում է երկու սենյականոց բնակարանում:

Նա 1989-ից մինչև զինադադարի կնքումն Էջմիածնի երկրապահ կամավորականների ջոկատի կազմում պարբերաբար մասնակցել է Արցախի և ՀՀ սահմանների պաշտպանության համար մղված մարտական գործողություններին, Tert.am-ին պատմեց ազատամարտիկի կինը՝ Հեղինե Օհանյանը:

1991-ին նույն երկրապահ ջոկատի հետ մեկնել է ԼՂՀ Հադրութի շրջանի Դուդուկչի գյուղ, որտեղ ռուս «ՕՄՈՆ»–ականների կողմից գերեվարվել է, հետո տեղափոխվել Բաքու: Գերության մեջ 11 ամիս մնալով՝ մարտական ընկերների շրջանում ստացել է «Պլեն Ժորա» անունը:

Ազատվելուց հետո որոշ բուժում ստանալով, նորից կամավոր վերադարձել է  ռազմադաշտ: Իսկ 1995թ-ին առողջական վիճակի պատճառով Ժորա Օհանյանը զորացրվել է: Երկար ժամանակ աշխատել է որպես զորամասի վարորդ:

«Սրսկվում էր, դեղեր խմում, մինչև ոտքի մատերը սևացան, զգացինք որ վատանում է: Շնորհակալ ենք գեներալ Մանվելից, որ աջակցեց, եթե չհասցնեինք բժշկի, ինքը չէր ապրի: Հիվանդանոցում էլ էնքան էին հարգում, ասում էին՝ ուստա Ժորա, չենք ուզում ոտքդ կտրել, գոնե քո ոտքով գնաս, բայց ասեց չէ՝ կտրեք, չեմ դիմանում»,- պատմեց ազատամարտիկի կինը:

Առաջին կարգի հաշմանդամություն ունեցող ազատամարտիկը զինվորական թոշակ չի ստանում, թեև կնոջ խոսքով, փորձել են այդ հարցը լուծել:

«Երկու անգամ ՊՆ դիմում ենք գրել, բայց մերժել են, ասում են՝ մենք շնորհակալ ենք, որ դու կռվել ես, փառք քեզ, բայց դու չես վիրավորվել ռազմադաշտում, դա չհաշվեցին: Առաջին կարգի հաշմանդամության թոշակ են տալիս 37 հազար դրամ, դա էլ միայն իր դեղերի վրա է գնում»,-ասաց տիկին Հեղինեն:

Ժորա Օհանյանը խոսել դժվարանում է, գլխին ստացած վնասվածքների պատճառով, բայց Tert.am-ին փորձեց պատմել գերության օրերից:

««Պլեն» եմ ընկել 11 ամիս, ջարդուխուրդ եմ եղել: Ատամներս ջարդած, կողերս ջարդած: Շատ չարչարանքներ եմ տեսել: Ես չեմ ուզում վերաբերմունք, ուզում եմ մի քիչ «բաբաթին» ապրեմ, լավ ապրեմ, տարին մեկ անգամ միս ուտենք»,- ասաց նա։

Ժորա Օհանյանն ունի չորս երեխա: Կնոջ հետ ապրում են կրտսեր որդու, հարսի ու նրանց 5 անչափահաս երեխաների հետ: 9 անձից բաղկացած բազմանդամ ընտանիքը  երկու սենյականոց բնակարանում մի կերպ է տեղավորվում:

«Մենակ օգնեն սենյակ ավելացնենք՝ առանձին սենյակ, ամենքն առանձին լինի: Ուրիշ բան մեզ պետք չէ: Իրեն առանձին մի սենյակ լիներ գոնե ինքը հանգստանար, մեր թոշակը հազիվ իր դեղերին է բավականացնում: Էրեխեքից մեկը մոտներս  է քնում, Ժորան ընկնում է կոմայի մեջ, երեխաները վախենում են,- ասաց տիկին Հեղինեն:

Ընտանիքում որևէ մեկը չի աշխատում, ապրում են Ժորա Օհանյանի հաշմանդամության թոշակով, կնոջ ծերության թոշակով և հինգ երեխաների համար տրվող նպաստով: Դա էլ, ընտանիքի անդամների խոսքով, բավականացնում է միայն  կոմունալ ծախսերը հոգալու համար:

Ժորա Օհանյանի որդին՝ Ռուբեն Օհանյանը, Tert.am-ին ասաց, որ առողջական խնդիրներ ունի ողնաշարի հետ կապված, որի պատճառով չի կարողանում ֆիզիկական աշխատանք կատարել:

«Պետականորեն ոչ մի աջակցություն մեզ չի եղել: Մի քիչ տեղ եմ ավելացրել, բայց չեմ կարողանում սենյակ սարքել, միջոցներ չունեմ: Հինգ երեխու տեր եմ, չեմ հասցնում: Ես կուզեմ, որ պետականորեն հորս աջակցեն: Հետո ինքը նեղվում է միշտ նրանից, որ իրեն անտեսում են: էրեխեքը հարցրել են՝ պապի, որ դու կռվել ես, ինչի համար ես կռվել, պապը ասում էր՝ բալես, էս հողի, ջրի, ամեն ինչի համար, էրեխեն էլ ասում էր՝ Սևանի համար էլ ես կռվե՞լ, պապին ասում էր՝ հա, որ կարողանանք գնանք այնտեղ էլ լողանանք: Բա էդ մարդը հիմա հնարավորություն չունի էրեխեքին այնտեղ տանելու»,- ասաց ազատամարտիկի որդին:

Tert.am-ի նկարահանման պահին միացան նաև ընտանիքի հարևանները, ովքեր ցավով նշում էին, որ պետության համար կռված մարդուն այսօր պետությունն անտեսում է և որևէ կերպ չի աջակցում:

«Ես ամաչում եմ, որ նայեմ այս մարդու երեսին, որովհետև այս մարդը գնացել է մեր համար, անձամբ ես իմ վրա եմ վերցնում, մեր համար կյանք է դրել, բայց մենք ոչ մի բան չենք տեսնում, որ այս մարդուն փոխհատուցեն, որ մենք էլ իրեն տեսնելուց գլուխներս չկախենք: Մենք էլ չունենք, որ օգնենք, ինչով կարողանում ենք՝ օգնում ենք, բայց օգնելով ո՛չ երկիր կկառուցվի, ո՛չ էլ հիվանդ մարդը ոտքի կկանգնի»,-ասաց ընտանիքի հարևանուհին:


Մանրամասները՝ տեսանյութում։