Լավրովը հերքել է սիրիական Աֆրինից ռուս զինվորականների դուրս գալու մասին Թուրքիայի տարածած տեղեկությունները
Սիրիական Աֆրին շրջանից ռուս զինվորականների դուրսբերման մասին հաղորդագրությունները հերքվել են: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ТАСС-ը:
«Այդ հաղորդագրություններն ավելի ուշ հերքվել են»,- ասել է նա՝ պատասխանելով թուրքական ԶԼՄ-ների հաղորդագրությունների ճշմարտացիության մասին հարցին:
Ավելի վաղ «Անադոլու» գործակալությունը հայտնել էր, որ ռուս զինվորականները հեռանում են սիրիական Աֆրին շրջանից քրդերի դեմ գործողություն սկսելու Թուրքիայի ծրագրերի կապակցությամբ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին հայտարարել էր, որ թուրքական ԶՈւ-ի՝ սիրիական Աֆրինում քուրդ զինյալների դեմ ձեռնարկվելիք ռազմական գործողության մեկնարկից առաջ Ռուսաստանն իր զինվորներին հետ կքաշի այնտեղից:
Նա ուրբաթ հայտարարել էր, որ Աֆրինում երկրի զինված ուժերի գործողությունը «դե ֆակտո սկսվել է»: «Գործողությունը դե ֆակտո արդեն սկսվել է հրետանային ռմբակոծություններով»,- ասել էր նա՝ նշելով, որ թուրքական զորքը դեռ չի մտել Աֆրին:










