Անվտանգության խորհրդի կազմում փոփոխություններ կլինեն. կառավարությունը հավանություն տվեց նախագծին
Այսօր կառավարության հերթական նիստին Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքի նախագիծը։
Նա նշեց, որ անվտանգության խորհուրդը նախկինում խորհրդատվական մարմին էր նախագահի համար, նոր սահմանադրական կոնցեպտով այն պետական մարմին է, որը ղեկավարում է վարչապետը, և սահմանադրությամբ ամրագրված է նաև հիմնական առաքելությունը, այն սահմանում է պաշտպանության ոլորտի հիմնական քաղաքականության հիմնական ուղղությունները։
Այսպիսով` նախատեսվում են փոփոխություններ նաև անվտանգության խորհրդի կազմում։
«Այն բաղկացած է լինելու վարչապետից, որը ղեկավարելու է այն, փոխվարչապետներից, Պաշտպանության նախարարից, Գլխավոր շտաբի պետից, Արտաքին գործերի նախարարից, ԱԽ քարտուղարից, ԱԱԾ տնօրենից, Ոստիկանության պետից»,-ասաց Դավիթ Հարությունյանը և նշեց, որ օրինակ պաշտպանության ոլորտում քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող որոշումները պետք է ստորագրի ոչ միայն վարչապետը, այլև Պաշտպանության նախարարը:










