ԱՄՆ-ում ավտովթարից հետո տեղափոխվող դոլարները թափվել են մայրուղու վրա (տեսանյութ)
ԱՄՆ-ի Իլինոիս նահանգում խաղային ավտոմատների համար գումար տեղափոխող մեքենան վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով թղթադրամները թափվել են մայրուղու վրա:
Ինչպես հայտնում է UPI-ն, ճանապարհին թափվել են 5, 10 և 20 դոլարանոց թղթադրամներ, ինչի հետևանքով արագընթաց մայրուղին ժամանակավորապես փակվել է:
Աղբյուրը մանրամասնում է, որ վթարը տեղի է ունեցել գումարը տեղափոխող մեքենայի վարորդի մեղքով. նա գերազանցել է արագությունը և, չկարողանալով կառավարել մեքենան, բախվել է արգելապատնեշին, իսկ հետո՝ մեկ այլ մեքենայի: Երրորդ մեքենան փորձել է շրջանցել նրանց, սակայն ևս բախվել է պատնեշին:
Թեև հայտնի չէ, թե որքան գումար է թափվել ճանապարհին, սակայն նշվում է, որ այն ամբողջությամբ հավաքելու համար մեկ ժամ է պահանջվել:











