Մարդու ազատության ինդեքսով Հայաստանն առաջ է անցել Ռուսաստանից և Ադրբեջանից

14:44 • 25.01.18

ԱՄՆ-ի Կատոնի հետազոտական ինստիտուտը հունվարի 25-ին հրապարակել է աշխարհում մարդու ազատության ինդեքսի վերաբերյալ երրորդ ամենամյա զեկույցը, որում Հայաստանը զբաղեցրել է 159 երկրներից 54-րդ տեղը: Այդ մասին տեղեկանում ենք կազմակերպության պաշտոնական կայքից:


Կատոնի ինստիտուտի, Ֆրեզերի ինստիտուտի, Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի հետազոտողները մարդու ազատության վարկանշային աղյուսակը կազմել են անձնական և տնտեսական ազատության 79 ցուցիչի հիման վրա:


0-ից 10 սանդղակում, որտեղ 10 միավորը ենթադրում է ամենաշատ ազատություն, մարդու ազատության միջին ցուցանիշը 2015 թվականի համար կազմել է 6,93: Հետազոտողները զեկույցը կազմելու համար օգտագործել են 2015 թվականի տվյալները, որպեսզի հասանելի լինեն բոլոր հնարավոր տեղեկատվության աղբյուրները:


Այսպիսով՝ Հայաստանում անձնական ազատությունը գնահատվել է 7.11 միավոր, տնտեսական ազատությունը՝ 7.60 միավոր (մարդու ազատությունը՝ 7.36 միավոր): Նախորդ տարի Հայաստանը զբաղեցրել է 55-րդ հորիզոնականը:


Ադրբեջանը երեք հորիզոնականով բարելավել է իր դիրքերը՝ զբաղեցնելով 128-րդ տեղը: Թուրքիան կորցրել է 16 հորիզոնական և զբաղեցրել 84-րդ տեղը: Վարկանշային ցանկում Վրաստանը հայտնվել է 40-րդ տեղում՝ բարելավելով իր դիրքը 2 հորիզոնականով, իսկ Իրանը՝ 154-րդ տեղում:


Հրապարակված վարկանշային ցանկում Ռուսաստանը զբաղեցրել է 126-րդ տեղը՝ նախորդ տարվա զեկույցի համեմատ կորցնելով 14 տեղ:


Մարդկային ազատության ամենաբարձր ցուցանիշը գրանցած տասը երկրների թվում են Շվեյցարիան, Հոնկոնգը, Նոր Զելանդիան, Իռլանդիան, Ավստրալիան, Ֆինլանդիան, Նորվեգիան, Դանիան և 9-րդ հորիզոնականը կիսած Նիդեռլանդները և Մեծ Բրիտանիան: