Աֆրինում թուրքական զինուժի գործողությունների արդյունքում հայ է վիրավորվել
Աֆրինում թուրքական զինուժի գործողությունների արդյունքում մեկ հայ վիրավորվել է․ այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Նշենք, որ ավելի վաղ տարածվել էր տեղեկատվություն, որ Աֆրինում քրդերի դեմ թուրքական գործողությունների ընթացքում ռումբ է ընկել մի տան վրա, որը պատկանել է հայի։
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին թուրքական ԶՈւ-ն սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Օդային առաջին հարձակումներից հետո, հունվարի 21-ին թուրքական ԶՈւ-ի զինվորականներն անցել են լայնամասշտաբ հարձակման նաև ցամաքում:
Հայտնի է, որ թուրքական ԶՈւ-ին աջակցում է «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը՝ ինչպես 2016թ.-ին ձեռնարկված «Եփրատի վահան» գործողության ժամանակ:










