Մեր գերխնդիրն այն է, որ շուկայում ԳՁՕ-ով սննդամթերքը տարանջատված լինի. Վահե Դանիելյան

20:50 • 25.01.18

Սննդի անվտանգության պետական ծառայության Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը չի ցանկանում խոսել գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մշակման հետևանքով հողերի վարակման և այլնի մասին, սակայն նշում է, որ ՀՀ օրենսդրությամբ թույլատրվում ԳՁՕ առկայությամբ սնունդ օգտագործել: 

Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ միայն պարտադիր է, որ ԳՁՕ-ով հագեցած սննդի վրա լինի համապատասխան մակնշում, որ այդ սնունդը պարունակում է ԳՁՕ:

«Մեր գերխնդիրն այն է, որ շուկայում սննդամթերքը տարանջատված լինի, այսինքն՝ այն սննդամթերքը, որը պարունակում ԳՁՕ, իր վրա մատնանշում ունենա, որ քաղաքացին կարողանա գնումներ կատարելիս տարանջատել»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է կանաչիի և այլ մթերքի՝ օրեր շարունակ թարմ մնալուն, Վահե Դանիելյանն ասաց, որ սա դեռ փաստ չէ, որ մթերքը գենետիկ մոդիֆիկացված է եղել կամ չի եղել:

Հարցին՝ օրենքը փոխելու անհարժեշտություն չկա՞, հաշվի առնելով այն 10 տարի առաջ է հաստատվել, իսկ հիմա տնտեսվարողները շատացել են, Դանիելյանը պատասխանեց. «Օրենքի փոփոխության անհրաժեշտություն չեմ տեսնում, որովհետև մեր օրենքը համահունչ է թե՛ Եվրամիության օրենսդրությանը, թե՛ առավել ևս մենք այսօր առաջնորդվում ենք ԵԱՏՄ օրենսդրությամբ»:

Դիտարկմանը, որ ԵԱՏՄ անդամ Ռուսաստանը ԳՁՕ-ով հարստացված հողերն այլևս չի օգտագործում, քանի որ հայտարարվում է, որ դրանք վարակված են, ՍԱՊԾ Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետն արձագանքեց. «Ռուսաստանի քաղաքականությունը մշակման հետ է կապված, դա չի կարելի խառնել սննդամթերքի սպառման հետ, քանի որ դրանք տարբեր են: Շատ են շփոթում ու ասում, որ ՌԴ-ում էլ է արգելված, իրականում ՌԴ-ում մշակումն է արգելված: Աշխարհում չկա մի երկիր, որը վստահ կարող է ասել, որ իր երկրում ԳՁՕ-ով սնունդ չկա»:

Վահե Դանիելյանը, խոսելով այն մասին որ ՀՀ ԳՁՕ-ի սերմեր էին ներկրվել, շեշտեց, որ այսօր Հայաստանում օրենսդրությամբ որևէ արգելք չկա, սակայն այս պահին ԱԺ-ում նախագիծ է գտնվում, որով առաջարկվում է դրանց մուտք ՀՀ արգելել: Միևնույն ժամանակ նա նկատեց, որ այս ԳՁՕ-ներից դեռևս թունավորման և այլ դեպքեր չեն եղել:

 

ՀեղինակԱնի Օհանյան