Սենը դուրս է եկել ափերից. Փարիզում «դարի ջրհեղեղի» վտանգ կա (լուսանկարներ, տեսանյութ)
Տևական ժամանակ տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Փարիզով հոսող Սեն գետը կրկին դուրս է եկել ափերից, հայտնում է The Washington Post-ը՝ մանրամասնելով, որ ջրի մակարդակը հասել է 4.9 մ-ի:
Փարիզի փոխքաղաքապետ Կոլոմբ Բրոսելի կանխատեսմամբ՝ հունվարի 27-ին այն կհասնի 6 մ-ի: Մինչդեռ Սենի ջրի մակարդակի նորման 2 մ է:
Հայտնի է, որ հեղեղումների պատճառով արգելվել է գետով երթևեկելը. կան մի շարք ջրային փոխադրամիջոցներ, որոնք ստեղծված իրավիճակում չեն կարող անվտանգ անցնել Սենի վրա կառուցված պատմական կամուրջների տակով: Առաջիկա օրերին կփակվի առափնյա հատվածով անցնող երկաթուղին:
Այժմ քաղաքում ջրհեղեղի տագնապի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել:
Աղբյուրը նկատում է, որ Փարիզի բնակիչները լուրջ մտավախություն ունեն առ այն, որ սա կարող է վերածվել «դարի ջրհեղեղի»:
Հայտնի է, որ 1910թ. Սեն գետի մակարդակը բարձրացել է մոտ 9 մ-ով, ինչի հետևանքով Փարիզը վերածվել է «ֆրանսիական Վենետիկի»:




















