Բրոնզի դարի կոշիկից մինչև 1.700-ամյա շապիկ. Նորվեգիայում հալչող սառույցները բացահայտել են հազարավոր պատմական նմուշներ (լուսանկարներ)
Նորվեգիայի ամենաբարձր լեռների սառույցների հալվելու արդյունքում ի հայտ է եկել ավելի քան 2.000 պատմական իր, որոնք շատ լավ վիճակում են պահպանվել ու, հավանաբար, պատկանել են հարյուրավոր, հազարավոր տարիներ այս տեղանքում բնակվող որսորդներին:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, հայտնաբերված նմուշների մեջ կան այնպիսինները, որոնք թվագրվում են մ.թ.ա. 4.000թ.: Ուշագրավ հայտնագործությունների շարքում է Բրոնզի դարին վերաբերող կոշիկը, ինչպես նաև 1.300 տարվա պատմություն ունեցող դահուկը, 1.700-ամյա շապիկը:
Նշվում է, որ հայտնաբերված իրերը հետազոտվում են առաջադեմ ռադիոածխածնային անալիզի մեթոդով: Իրերի մեծ մասը վերաբերում է 8-10-րդ դարերին:
Դա պայմանավորված է այն փաստով, որ տվյալ ժամանակահատվածում այս տեղանքում նկատվել է բնակչության աճ, նոր ճանապարհների ստեղծում, ինչպես նաև առևտրի զարգացում:


















